Մոսկվայից ասում են՝ հեռահար զենքով ՌԴ խորքերը հարվածելու ԱՄՆ թույլտվությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի

Մինչև 300 կիլոմետր հեռահարություն ունեցող ATACMS հրթիռ, արխիվ

Ամերիկյան զենքով ռուսական տարածքի խորքը հարվածելու Վաշինգտոնի թույլտվությունը կսրի հակամարտությունն Ուկրաինայում և կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, ըստ Reuters-ի, կիրակի օրը հայտարարել են ռուս օրենսդիրները:

Երեկ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով հարցին քաջատեղյակ աղբյուրները, հայտնեցին, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։

«Արևմուտքն այնպիսի էսկալացիայի է գնում, որը կարող է հանգեցնել Ուկրաինայի պետականության ամբողջական փլուզմանը», - Տելեգրամում գրել է Դաշնության խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն էլ Վաշինգտոնի այս որոշումն աննախադեպ քայլ է որակել՝ շեշտելով՝ այն կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին՝ վստահեցնելով՝ Ռուսաստանի պատասխանը չի ուշանա։

«Սա աննախադեպ քայլ է։ Սա շատ մեծ քայլ է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և ամերիկացիները դա կանեն հեռացող ծերուկի ձեռքերով, ով երկու ամսից այլևս ոչնչի համար պատասխանատվություն չի կրի», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ջաբարովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով։ Նրա խոսքով՝ այս քայլը կփոխի հակամարտության բնույթն ու մասշտաբները։ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, իր հերիթն, հայտարարել էր, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ունի հիմնավոր պատճառներ Ռուսաստանի դեմ ավելի խորը հարձակումների համար. ՆԱՏՕ-ի պաշտոնյա