Բաքուն մերժելու է «3+3» հարթակում խաղաղության բանակցությունները շարունակելու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի առաջարկը, կարծում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
«Եթե հիշում եք, Բայրամովը Պուտինի այցի ընթացքում Բաքվում հայտարարել էր, որ նրանք կողմ են Ռուսաստանի միջնորդությանը, պարզապես Երևանն է հրաժարվում: Այս անգամ ևս երևի փորձում են այդ միջոցով, այսինքն, Հայաստանի միջոցով մերժել ռուսներին», - նշեց Գրիգորյանը:
Այս փուլում խաղաղության համաձայնագիրը Երևանին է անհրաժեշտ, ոչ թե Բաքվին, իսկ Բաքուն չի շտապում, գլխավոր նախապայմանն էլ՝ Սահմանադրության փոփոխությունը, չի կատարվել, շեշտում է քաղաքագետը։
«Վերջին շրջանի հայտարարությունները ևս ցույց են տալիս, որ քանի դեռ չկա համաձայնություն այս հարցում, դժվար է ակնկալել որևէ լուծում», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր անցած շաբաթվա վերջին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման ավարտին հայտարարել՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Երևանին ու Բաքվին առաջարկել են «3+3»-ի հարթակն օգտագործել՝ ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագրի աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին «3+3» հարթակն են առաջարկում խաղաղ պայմանագրի համար. Լավրով«Կան նաև հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս պահին հանդիպումներ չեն նախատեսվում, հայաստանցի գործընկերները դադար են վերցրել, նրանք կարծում են, որ թուրքերի հետ նախ պետք է ուղիղ շփվեն ու հասկանան՝ ինչ է պետք անել։ Ես համենայնդեպս կարծում եմ՝ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, դրա համար մենք առաջարկեցինք այդ հարցերը ընդհանուր դիտարկել ու առաջ մղել», - ասել է Լավրովը:
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղաղացողներն ուզում են ավելի մեծ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, բայց այս փուլում չեմ կարծում, թե ինչ-որ ֆունդամենտալ փոփոխություններ տեղի կունենան ինչպես ձևաչափի հետ կապված, այնպես էլ բովանդակության հետ կապված», - նշեց Գրիգորյանը:
«Բաքվի հայտարարություններից դատելով՝ բանակցությունների ղեկը որևէ մեկին չի հանձնի»
Թեև Լավրովի հայտարարությունից հետո Ստամբուլում դեմ առ դեմ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, մինչ այս պահը ոչ պաշտոնական Երևանը, ոչ Բաքուն հրապարակավ չեն արձագանքել տարածաշրջանի գերտերությունների առաջարկին։ Բաքվի հայտարարություններից դատելով՝ բանակցությունների ղեկը որևէ մեկին չի հանձնի, որքան էլ Ռուսաստանը ցանկանա դա, կարծում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
«Իրենք ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանրապես միջնորդներ պետք չեն, կա նաև այլ խնդիր, որ այն պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է կամ գեներացնում է քայլ առ քայլ, դրանք մեծ հաշվով դեմ են և՛ Իրանի շահերին, և՛ Ռուսաստանի շահերին, այնպես որ Ադրբեջանն այնքան էլ հարմարավետ չի տեսնի այդ ձևաչափն իր համար», - ընդգծեց Արմեն Բաղդասարյանը:
Երևանն էլ, ըստ նրա, կողմ չէ «3+3» հարթակում ավարտել բանակցությունները։
«Հայաստանը չի կարող միաժամանակ խաղաղության համաձայնություն ձեռք բերել «3+3» ձևաչափով, Եվրամիության դիտորդների ներկայությամբ ու միաժամանակ առաջ մղել «Խաղաղության խաչմերուկը», որը «4+1» ձևաչափն է: Այսինքն՝ նույն «3+3»-ն՝ առանց Ռուսաստանի», - ասաց քաղաքական մեկնաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբԼավրովի հայտարարությանը հաջորդած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը մեծ նշանակություն չի տալիս Բաղդասարյանը։ Այդ հայտարարության հետ է կապում երկկողմ հանդիպումը, բայց, կարծում է, խաղաղության բանակցություններն առաջ չի մղի։ Առաջիկայում փաստաթուղթ չի ստորագրվի, ըստ նրա։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը 2022-ին էր հայտարարում, որ միչև այդ տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանավորվածություն կա։
«Բոլորը ցանկանում են էական դերակատարում ունենալ ու այդ ամբողջ խնդիրն այն է, որ սրանք Հայաստանի տեսանկյունից են խաղաղության բանակցություններ, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելու գործընթաց է», - ասաց Բաղդասարյանը:
Չնայած տարածաշրջանային խաղացողները ձգտում են ավելի մեծ ազդեցություն ունենալ խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում, բայց, ըստ քաղաքական վերլուծաբանների, ոչ Արևմուտքը, ոչ էլ Ռուսաստանը այս փուլում ակտիվ դերակատարում չեն ունենա գործընթացում։