«Ազգային առաջընթաց» խմբակցությունը ստորագրահավաք է սկսել՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման

Հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգը նոր սակագներով ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Քաղաքային իշխանությունը տրանսպորտի 300 դրամից մեկնարկող նոր գինը թանկացում չի համարում, իսկ ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ընդդեմ թանկացման ստորագրահավաք է սկսել՝ պնդելով, թե բարեփոխում անվան տակ սակագնի բարձրացումն է թաքնված:

«Գիտեմ, որ նյարդայնացած եք այս տրանսպորտային կոլապսի պատճառով, դա տեղի է ունեցել, քանի որ քաղաքային իշխանությունները պատկերացում չունեն, թե ինչպես կազմակերպել այս ամեն ինչը, բայց սա խնդիրների միայն սկիզբն է», - նշել է Մարությանը:

«Ազգային առաջընթաց»-ի գրասենյակում կողք-կողքի ստորագրված և դեռ ստորագրվելիք թղթերն են դրված: Քաղաքացիներն ակտիվ են, պնդեց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։

«Ես շատ կուզեմ նայել իշխանավորների աչքերին, երբ որ բազմահազարանոց փաթեթը դրվի իրենց սեղանին ու իրենք դրանից հետո չլսեն ժողովրդի հորդորը, մարդկանց հորդորը: Վերջապես մենք պե՞տք է մտածենք այն մարդկանց մասին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մեքենա ունենալ կամ տաքսիով երթևեկել», - ասաց Արամ Թորոսյանը:

Քաղաքային իշխանության հիմնավորմամբ՝ արդեն 2 անգամ հետաձգված նախագծով էլեկտրոնային տոմսերն ավելի մատչելի են։ Օրինակ, 90 րոպե տրանսպորտից օգտվելու դեպքում քաղաքացին էլեկտրոնային տոմսով ընդամենը 20 դրամ պակաս կվճարի՝ 280 դրամ՝ ֆիզիկական քարտ-տոմսի 300-ի փոխարեն: Մեկ օրում 8 անգամ տրանսպորտից օգտվելու հնարավորությունը 900 դրամ կարժենա։ 7 օրը 4800-ից 5000 դրամ է: 90 օրվան փաթեթը 23600-ից 24000 դրամ է, սրանք անսահմանափակ փաթեթներն են: Հանրային տրանսպորտից տարեկան անսահմանափակ օգտվելու փաթեթը 88 հազարից 90 հազար դրամ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի թանկացման մասին նախագիծը

«Մեր գերխնդիրն այն է, որ մենք պետք է ունենանք ամբողջապես նորացված համակարգ և այդ նորացված համակարգը պետք է դառնա անփոխարինել այն տեսանկյունից, որ մենք վերադարձ չպիտի ունենանք հին «Գազել»-ներին», - նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը գիտի՝ տեխնիկական խնդիրներ կա, այսօր ներողություն խնդրեց ու վստահեցրեց՝ շտկում են, հունվարի 1-ին պատրաստ կլինեն:

«Այո, բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարումներ իրականացնել, նախորդ շաբաթ խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ, և գտնվում են վերջնականացման փուլում՝ բանկային քարտերով վճարման համակարգը ներդնելու գործընթացում, բայց հավելեմ՝ բացի բանկային քարտերով վճարումներից, հասանելի են լինելու նաև տրանսպորտային քարտերով վճարումները: Բոլոր այն դեպքերում, երբ մարդու նույնականացման կարիք է լինելու, մասնավորապես, երբ որ մարդը, օրինակ, արտոնյալ խմբի անդամ է, թոշակառու է, ունի X տոկոս զեղչ բոլոր սակագներում, ունենալու է հնարավորություն և՛ հավելվածով, և՛ տրանսպորտային քարտով», - ընդգծեց Ավինյանը:

Ընդդիմությունը դեմ չէ գործող փաթեթներին, բայց առաջարկում է պահպանել մեկ ուղղության համար 100 դրամը, մանրամասնեց Արամ Թորոսյանը:

Տիգրան Ավինյանն, իր հերթին, պնդեց՝ մեկ անգամ ուղևորատոմս գնելով քաղաքացին մի քանի անգամ կարող է տրանսպորտից օգտվել. - «Այս է տրամաբանությունը՝ նոր միասնական համակարգի, դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»:

Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև նոր շարժակազմերը պահելը և նրանց տեխնիկական սպասարկումը և ծախսերը կտրուկ աճել են, ներկայացրեց Տիգրան Ավինյանը:

Ընդդիմությունը համոզված է՝ տրանսպորտային ցանցը գրագետ ղեկավարելու դեպքում դոտացիան կարող էր առնվազն կիսով չափ քիչ լինել։

«Իրենք խոսում են, որ ստվեր կա, սկզբում այդ ստվերի դեմ պայքարեք, հասկացեք, ամբողջ համակարգը գրագետ մտցրեց, որ մարդիկ վճարման խնդիր չունենան, էդ ստվերը կրճատեք, գումարները ստացեք, հաշվարկը ռեալ ունեցեք, դրանից հետո նոր մտածեք՝ ինչ եք անում: Կառավարման խնդիրն ինչո՞ւ եք բեռ դարձնում քաղաքացիներին, որոնք սոցիալապես ծանր վիճակում են», - ասաց Թորոսյանը:

Ընդդիմության ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը, արդյունքները կներկայացնեն քաղաքային իշխանությանը՝ պահանջելով պահպանել մեկ ուևորության համար 100 դրամ սակագինը։

Հեղինակ՝ Անի Օհանյան