Նոր ավտոբուսներով երթևեկելու՝ քաղաքային իշխանության հայտարարած ժամկետը՝ սեպտեմբերից, ձգձգվում է: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործակարգավարական վերջին նիստում ասել է՝ այդ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին: «Մենք աշխատում ենք մատակարարների հետ, որպեսզի ավելի շուտ ունենանք», - հավելել է փոխքաղաքապետը:
Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել էր տրանսպորտի թանկացման նախագիծ: Միասնական տոմսային համակարգն էլ պետք է սեպտեմբերից ներդրվեր, բայց դրա ժամկետներն էլ են փոխվում:
«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ որ նոր ավտոբուսները գալիս են և մտնում են գիծ: Եթե, օրինակ, կա ժամկետ երկարացնելու՝ մեկ կամ երկու ամսով, միասնական տոմսային համակարգի ներդրման, որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի, խնդրում եմ՝ այդ նախագիծը նույնպես ներկայացրեք ավագանու նիստի քննարկմանը», - հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Գրիգորյանն արձագանքել է. - «Պարոն քաղաքապետ, արդեն իսկ ներկայացվել է՝ Ձեր նշած հիմնավորմամբ»:
Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ կանխատեսելի էր, որ նոր շարժակազմը սեպտեմբերին չի հասնի Երևան: Քաղաքային իշխանությունն էլ հայտարարել էր՝ միասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես:
«Երբ մենք առարկում էինք թանկացմանը, բացի սոցիալական կողմից՝ մենք նաև նշում էինք, որ «քանի դեռ դուք ամբողջ համակարգը չեք ներմուծել Երևան, դուք չեք կարող թե՛ համակարգը գործարկել, թե՛ տրանսպորտի սակագինը որոշել»: Մենք դա զգուշացնում էինք, սակայն մեզ հավաստիացնում էին, որ մինչև սեպտեմբեր արդեն շարժակազմը ամբողջովին համալրված կլինի: Չնախատեսված և՛ ժամկետները, և՛ ռիսկերը նաև, որպիսիք հաշվի չառնելու հետևանքով ժամանակավրեպ որոշում հերթական, որը բերեցին ավագանի և մարդկանց ջղայնացնելով դակեցին», - «Ազատությանն» ասաց Աբգարյանը:
Երևանում շուտով կլինի 171 նոր ավտոբուս, 15 տրոլեյբուս ու 18 մետրանոց 249 ավտոբուս: Քաղաքապետարանի այս խոստումը հիշող ուղևորները սիրով կերթևեկեն այս նոր տրանսպորտով, ասում են՝ ամռանը զով է, ձմռանը՝ տաք ու հարմարավետ, բայց միասնական տոմսային համակարգն, այդուհանդերձ, ֆինանսական բեռ են համարում, հիշեցնում են՝ հատկապես երբ դեռ շարունակում են կանգառներում երկար սպասել իրենց ավտոբուսին:
Միասնական տոմսային համակարգով ամսական փաթեթը 8.800 դրամ է, տարեկանը՝ 88.000, 90 օրվանը՝ 23.600, սրանք անսահմանափակ փաթեթներն են, իսկ օրականը՝ 280 և 300 դրամ՝ սա 90 րոպեի համար։ Քաղաքային իշխանությունը բազմիցս է նշել՝ այլ տարբերակ չկա, տրանսպորտային նոր համակարգը հնարավոր չէ հին գներով շահագործել: Մի խոստում էլ կա՝ մինչև տարեվերջ 50 կանգառասրահ տեղադրել, առայժմ, սակայն, մեկն է տեղադրվել, այն էլ՝ փորձնական: Շուտով նաև նախատեսվում է սկսել հանրային տրանսպորտի համար ճանապարհների առանձնացման ու հետո նաև կահավորման գործընթացը: