Վաշինգտոնը չի աջակցում հարվածները ՌԴ-ին, Ուկրաինան ինքն է որոշում․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգները չի աջակցում կամ խրախուսում ԱՄՆ-ի ու դաշնակիցների կողմից մատակարարվող զենքի կիրառումը Ուկրաինայի տարածքից դուրս, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես արդյունավետ կառավարել այդ զենքը:

Բլինքենն ընդգծել է՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրն է Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումը հետ մղելու համար։

Կիև այցի ժամանակ ևս ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր՝ թեև Վաշինգտոնը չի խրախուսում հարվածները Ուկրաինայի տարածքից դուրս, սակայն Կիևը «պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, թե ինչպես վարվել այս պատերազմում»:

Կոնգրեսի մի քանի անդամներ, այդ թվում՝ հանրապետական կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլը, երեկ լսումների ժամանակ հարցրել էին Բլինքենին, թե ինչո՞ւ է Բայդենի վարչակազմն արգելում Ուկրաինային ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար, այն դեպքում, երբ Կոնգրեսը նման սահմանափակումներ չի սահմանել Ուկրաինային օգնություն հատկացնելու վերաբերյալ իր որոշումներում։

Շաբաթներ առաջ Politico-ն գրել էր, որ հաշվի առնելով Ռուսաստանի նոր հարձակումներն՝ Ուկրաինան թույլտվություն է պահանջում ամերիկյան զենքով ռուսական տարածքին հարվածելու համար։ Հրապարակման համաձայն, Սպիտակ տան դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ մատակարարվող զենքը նախատեսված է «պաշտպանության, այլ ոչ թե Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան իրավունք ունի Լոնդոնի զինատեսակներով հարվածել թիրախներին Ռուսաստանում. Քեմերոն