Վրացական ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիաների և վարչական շենքերի շրջափակման միջոցով փորձելու է խափանել հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանի առաջին նիստը։ Այս մասին նախօրեին Ֆեյսբուքի իր օգտահաշվում գրել էր ընդդիմադիր «Փոփոխությունների դաշինք»-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Գվարամիան։
«Առաջիկայում մեր բողոքի ակցիաները էլ ավելի կակտիվանան։ Մենք թույլ չենք տա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ընտրությունների վերջնական արդյունքներն ամրագրող արձանագրությունը։ Մենք նաև թույլ չենք տա, որ խորհրդարանն իր առաջին նիստը գումարի», - Ֆեյսբուքում գրել էր Գվարամիան։
Վրացական իշխանությունները, սակայն, ընդդիմության այս պնդումներին ակնհայտորեն լուրջ չեն վերաբերում: Մեկնաբանելով Գվարամիայի հայտարարությունը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեկ չէր կարողանում զսպել ծիծաղը։
«Գվարամիան ժամանակին ասում էր, որ հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն ապաքինվել է և հաղթահարել է դրանք։ Իրականում, սակայն, պարզվում է, որ նա ոչ մի բան էլ չի հաղթահարել», - նշում էր Վրաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրաստանը քվեարկում է ԵՄ-ի օգտին»․ հանրահավաք Թբիլիսիում՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջովԻշխանությունների նման անհաշտ դիրքորոշման և բողոքի ակցիաների մասնակիցների թվի աճի բացակայության պայմաններում վրացական ընդդիմության վերջին հույսը արտաքին ճնշումն է։ Այս դեպքում, սակայն, ևս հույսերը չեն արդարանում։ Նախորդ շաբաթ Բուդապեշտում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հավաքին դրա մասնակիցները վրացական թեման ընդհանրապես չքննարկեցին, որոշ աղբյուրների տեղեկություններով, ժամանակի սղության պատճառով։
Այդ ֆոնին յուրատեսակ մխիթարանք դարձավ ԵՄ անդամ ութ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների այցը Թբիլիսի։ Եվրոպացի պատգամավորները իրենց միանշանակ աջակցությունը հայտնեցին վրացական ընդդիմությանը, իսկ գերմանական Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոտը նույնիսկ ելույթ ունեցավ Ռուսթավելիի պողոտայում կազմակերպված հանրահավաքում՝ մի պահ հիշելով նաև Հայաստանի մասին։
«Մենք լավ ենք հասկանում, որ եթե մեր ուկրաինացի բարեկամները չկարողանան հաղթել՝ մնալով ազատ, անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն, հաջորդը դուք եք լինելու, հաջորդը լինելու են Մոլդովան ու Հայաստանը», - հայտարարում էր գերմանացի պատգամավորը։
Վրացական իշխանությունների ներկայացուցիչները Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորներին սկզբունքորեն չհանդիպեցին։ Նրանց հրաժարվեց ընդունել խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հարկ համարեց հրապարակայնորեն մի շարք կոպիտ արտահայտություններ հնչեցնել նրանց հասցեին։
«Դրանք պորտաբույծներ են, որոնք մի երկրից մյուսն են շրջում՝ խոսելով Եվրոպայի անունից։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում անկարգություններ ու լարվածություն հրահրեն։ Այդ գործիչները պարզապես վնասարարներ են», - հայտարարում էր Կալաձեն։