Վիկտոր Օրբանն այսօր կժամանի Թբիլիսի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Այսօր Վրաստան կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։

«Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», - հայտարարեց Հունգարիայի վարչապետը։

Նրա ոչ դեմոկրատական ներքին ու Արևմուտքի նկատմամբ թերահավատ արտաքին քաղաքականությունը դարձել է «Վրացական երազանք»-ի ոգեշնչման աղբյուր, իսկ Օրբանը «Վրացական երազանք»-ի առանցքային դաշնակիցը։

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը ստացել է 54,27 տոկոս ձայն. ԿԸՀ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմադիրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները