Ռուսամետ «Վրացական երազանք» կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 54.23 տոկոսը։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
Ընդդիմադիր ուժերը՝ «Հանուն փոփոխությունների դաշինքը, «Միասնություն՝ փրկելու Վրաստանը», «Ուժեղ Վրաստանը» և «Հանուն Վրաստանի»-ն, ստացել են ընդհանուր ձայների 37.33 տոկոսը:
Քվեարկությունից հետո իշխանամետ և ընդդիմադիր կազմակերպությունների անունից անցկացված էքզիթ փոլերը, սակայն, զգալիորեն տարբեր արդյունքներ էին ներկայացրել:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք»-ը, համաձայն կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի էքզիթ փոլի, հավաքել է 56 տոկոս, սակայն ըստ ընդդիմադիր երկու էքզիթ փոլերի՝ չի հավաքել 42 տոկոսից ավելին։
Սպասվում է, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ հոկտեմբերի 27-ին։
Ըստ նախնական արդյունքների՝ գործող իշխանությունը կստանա 89 մանդատ 150 տեղանոց օրենսդիր մարմնում, ինչը բավարար է կառավարությունը պահպանելու համար, բայց ոչ բավարար, որպեսզի ունենա բացարձակ մեծամասնություն սահամանդրական փոփոխությունների համար։
«Միասնական ազգային շարժումը», որը գլխավորում է «Միասնություն՝ փրկելու Վրաստանը» դաշինքը, անմիջապես մերժել է ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները։
«Միացյալ ազգային շարժման անունից մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում գողացված ընտրությունների արդյունքները և մտադիր չենք ճանաչել այդ գողացված ընտրությունների արդյունքները», - վաղ առավոտյան հայտարարել է կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։
Նա կոչ է արել մյուս ընդդիմադիր կուսակցություններին նույնպես դեմ հանդես գալ հայտարարված արդյունքներին՝ հավելելով, որ հավանաբար «զանգվածային բողոքի ակցիաներ» կլինեն օրվա ընթացքում:
«Ուժեղ Վրաստանի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն պնդել է, որ ընդդիմությունը հաղթել է Եվրոպայում կովկասյան երկրի ապագա ուղու համար վճռորոշ ընտրություններում:
«Շնորհավորում եմ Վրաստանում Ռուսաստանի կառավարության պարտության կապակցությամբ», - ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է նա։
«Հանուն փոփոխությունների դաշինքի» անդամ Նիկա Գվարամիան ասել է, որ իր խումբը չի ճանաչում հրապարակված արդյունքները՝ գործընթացը որակելով «պետական հեղաշրջում»:
Ընտրական հանձնաժողովը, սակայն, վստահեցնում է՝ եղել են միայն աննշան անսարքություններ:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 59 տոկոս, որն ամենաբարձրն է 2012 թվականից ի վեր, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը»:
«Վրացական երազանքի» անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նախազգուշացրել է ընդդիմությանը, որ ցանկացած «անօրինական» գործողություն «կհանդիպի պետության խիստ արձագանքին»:
Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել։