Երկու տարվա քննությունից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման որոշումն ու գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Ըստ Վճռաբեկի պաշտոնական կայքի՝ որոշումը կայացվել է երեկ։
2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով երկրորդ նախագահն արդարացվեց երեք տարի առաջ առաջին ատյանի դատարանի կողմից, բայց բողոքարկումների պատճառով դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել։
Նախկին նախագահի արդարացման պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, որով հակասահմանադրական ճանաչվեց նրան վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ Գլխավոր դատախազությունն այդ օրերին հայտարարել էր՝ օրենքն իրեն թույլ չի տալիս վերաորակել Քոչարյանի մեղադրանքը: Ի վերջո Վճռաբեկ դատարանին խնդրեցին ստուգել՝ օրինակա՞ն է արդյոք 10 մարդու կյանք խլած իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, և իրավունք ունե՞ն արդյոք վերաորակել մեղադրանքը։
Վճռաբեկը երկու տարի քննեց ու եզրահանգեց, որ իսկապես օրենքը նման հնարավորություն չի տալիս, Սահմանադրության հետ խնդիր ունի, և չորս ամիս առաջ դիմեց Սահմանադրական դատարան։
4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
Եթե նույնիսկ Քոչարյանը մեղավոր ճանաչվի, նա չի ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջևԲԴԽ-ն և ԱՆ-ը Ռոբերտ Քոչարյանի փակված գործով մեղավոր են փնտրում. «թեկնածուն» Դանիբեկյանն է