Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-ից 10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։
Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջայհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ, թե՝ ոչ։ Պաշտոնական Բաքուն դեռ լուռ է։ Այս անորոշության ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցեց՝ որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - ասել էր Օ'Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։
Ամեն դեպքում, վաղը մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Բաքուն ևս մեկ անգամ հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պնդել է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում Անկախության հռչակագրի հիշատակումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի միավորման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները«Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Լիակատար խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի», - նշել է Բայրամովը։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, Ադրբեջանի արտգործնախարարն այսօր նշել է, որ դրանք ընթանում են տարբեր ուղղություններով։ Բայրամովը շեշտել է, թե հունիսի վերջին Ադրբեջանը հայկական կողմին է ուղարկել խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկները, ընդգծելով, թե բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։
«Պարզ է, որ Բաքուն հետաքրքրված չէ արևմտյան միջնորդությամբ բանակցություններով»
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ընդգծում է՝ Ադրբեջանը վերջի ամիսներին բանակցային գործընթացն առաջ է տարել երկկողմ ձևաչափով և եթե նույնիսկ Վաշինգտոնում կայանար Միրզոյան- Բայրամով երկկողմ հանդիպումը, այն դժվար լուրջ ազդեցություն ունենար։
«Ընդհանուր առմամբ պարզ է, որ Բաքուն հետաքրքրված չէ արևմտյան միջնորդությամբ բանակցություններով, - ասաց Գրիգորյանը և նշեց, - Ադրբեջանն իր առաջ նպատակ չի դրել մինչև ինչ-որ ժամանակահատված խաղաղության պայմանագիր ստորագրել»:
Նախագահ Ալիևը օրերս հնարավոր էր համարել առաջիկայում հասնել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության և նախաստորագրել դրանք, ապա շարունակել աշխատել տեքստի վրա։ Այսինքն՝ հիմնական պայմանագրի ստորագրումը թողնել հետագային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Երևանի հետ համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրումԱյսօրինակ փաստաթղթի ստորագրումից, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ, Հայաստանը ոչինչ չի ստանալու։ Փոխարենը Բաքուն Երևանի միջոցով լեգիտիմացնելու է այն ստատուս քվոն, որ այսօր ձևավորվել է տարածաշրջանում՝ Արցախի էթնիկ զտումից հետո։
«Ազատության» հարցին՝ «եթե այդ նախնական, շրջանակային համաձայնագիրը ստորագրվի, դա ինչ-որ զսպող ազդեցություն կարո՞ղ է ունենալ, որ օրինակ՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չիրականացնի», Գրիգորյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, թե լուրջ երաշխիքներ կլինեն նույնիսկ այդպիսի փաստաթուղթ ստորագրելուց հետո, որովհետև բոլոր առկա խնդիրները կարող են մնալ չլուծված: Այսինքն՝ եթե ստորագրում են ինչ-որ փաստաթուղթ, բայց սահմանային փաստաթղթերում անհստակություն կա կամ կոմունիկացիաների բացման ուղղությամբ ևս լուծումներ գոյություն չունեն, պարզ է, որ նոր հակամարտության կամ նոր էսկալացիաների համար պարարտ հող շարունակելու է գոյություն ունենալ»:
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները նախաստորագրելու Ալիևի առաջարկին։ Պարզ չէ նաև, թե ինչ առաջընթաց է արձանագրել Բաքուն, երբ Բայրամովը շեշտում է, թե բաց հարցերի քանակը կրճատվել է։ Հայաստանն ու Ադրբեջանն խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը գաղտնի են պահում։