Վարչապետի որոշումից կես տարի անց նոր Սահմանադրություն ունենալու օրակարգով որևէ նիստ չի անցկացվել

Նոր Սահմանադրության նախագիծ մշակելու վարչապետի որոշումից կես տարի անց Սահմանադրական փոփոխությունների խորհուրդն այդ օրակարգով որևէ նիստ չի անցկացրել, «Ազատության»-ը գրավոր հայտնել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

Իսկ երբ սկսեն մշակել, ո՞րն է նախարարության դիրքորոշումը՝ գործող Սահմանադրության նախաբանը պետ՞ք է փոխել, թե՝ ոչ․ փոխնախարարն այս հարցին ուղիղ չի պատասխանել. - «Նոր Սահմանադրության նախագիծը խորհուրդը դեռևս չի քննարկել, ինչպես նաև երբևէ քննարկման առարկա չի դարձրել Սահմանադրության նախաբանի հարցը»:

Հունվարին վարչապետ Փաշինյանը, որ մինչ այդ խոսում էր Սահմանադրության բարեփոխման մասին, հայտարարեց՝ ոչ թե պետք է փոխել մայր օրենքը, այլ բոլորովին նոր Սահմանադրություն գրել: Այդ հայտարարությունից առաջ Բաքուն արդեն սկսել էր հրապարակավ պահանջել, որ Հայաստանի մայր օրենքի նախաբանից հանվի հղումը Անկախության հռչակագրին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների. վարչապետ

Չորս ամիս անց վարչապետը հանձնարարեց մինչև 2026-ի տարեվերջ ներկայացնել նոր Սահմանադրության հաստատված նախագիծ: Ինչո՞ւ մինչ օրս այդ օրակարգով խորհուրդը նիստ չի անցկացրել, նախարարությունից խոստացան ավելի ուշ հայտնել։ Խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանն ասում է՝ նախագահողը, որն ի պաշտոնե արդարադատության նախարարն է, ոչինչ չի նախաձեռնել:

Մեկուկես ամիս առաջ պաշտոնը լքած նախկին նախարար Գրիգոր Մինասյանից «Քաղաքացիական պայմանագրում» դժգոհություններ կային, նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանից համարձակ որոշումներ են ակնկալում: Նոր Սահմանադրություն ունենալու հարցով Գալյանը պատրաստվո՞ւմ է նիստ հրավիրել, նախարարությունից արձագանքեցին՝ այս պահին չեն կարող ասել:

Իշխող ուժը 2018-ից հետո պարբերաբար խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից, նիստեր ու քննարկումներ անցկացրել է, բայց որևէ նախաձեռնություն չի հասել ավարտին: Խորհրդում քաղհասարակությունը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը նոր Սահմանադրության վերաբերյալ վարչապետի ժամկետներն էլ իրատեսական չի համարում։ Ասում է՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ ու նոր խորհրդարանի ձևավորում որևէ փաստաթուղթ չի կարող ընդունվել։

«Հայեցակարգն ու ապա նախագիծը պետք է համաձայնեցվեն հաջորդ խորհրդարանի 2/3-րդի հետ, իսկ ո՞վ է լինելու հաջորդ խորհրդարանի 2/3-րդը, ո՞վ կարող է կանխատեսել դա, ոչ մեկը», - նշեց Իոաննիսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Փաշինյանը չի դադարեցնում Անկախության հռչակագրի շուրջ մեկնաբանությունները

Գլխավոր ինտրիգն է՝ Նոր Սահմանադրության մեջ հղումն Անկախության հռչակագրին կմնա, թե՝ ոչ։ Հռչակագրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին հիշատակում կա․ Բաքուն պնդում է՝ մինչև այս դրույթը մայր օրենքից չհանվի, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։

Խորհրդի իշխանական անդամներն այս հարցին դեռ չեն արձագանքել։ Քաղհասարակությունը ներկայացնող Դանիել Իոանիսյանը փոխանցեց՝ դեմ է, որ հղումը հանվի, միաժամանակ, պատրաստվում է առաջարկել, որ մայր օրենքում ամրագրվի՝ Հայաստանը տարածքային պահանջներ չպետք է ունենա հարևաններից։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը հստակ է՝ հղումը պետք է մնա:

Մարուքյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանը երկու ամիս առաջ կայացրած որոշմամբ այդ հարցը փակել է՝ ասելով, որ Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որը տեղ չի գտել Սահմանադրության բուն տեքստում: Բայց անգամ դրանից հետո Բաքուն շարունակում է պահանջել, որ դրույթը հանվի։ Վարչապետ Փաշինյանը ևս շաբաթներ առաջ քննադատեց փաստաթուղթն ու պնդեց՝ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

Անկախության հռչակագրով, կամ՝ առանց դրա նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար այն պետք է հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, որի 11 անդամներից երկուսը արտախորհրդարանական ուժերից են, երեքը՝ քաղհասարակությունից, մյուսները՝ իշխող ուժից կամ պետական կառույցներից։