Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Փաշինյանը չի դադարեցնում Անկախության հռչակագրի շուրջ մեկնաբանությունները


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցնում Անկախության հռչակագրի շուրջ մեկնաբանություններն անգամ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով, ըստ էության, արձանագրվեց՝ 1990 թվականին ընդունված փաստաթուղթն իրավական նշանակություն չունի:

Վարչապետն այժմ էլ ասում է, թե հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Փաշինյանի խոսքով՝ ինքը «նման սարսափելի եզրահանգման է եկել» հատկապես վերջին տարիներին, երբ փաստաթուղթը տասնյակ անգամ ընթերցել է:

«Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է», - հայտարարեց Փաշինյանը։

Տարեսկզբին էլ վարչապետը պնդում էր, թե պետք է հեռացնել Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը նոր պատերազմից խուսափելու համար:

Որ հիմնարար այդ փաստաթղթի բովանդակությունն իր սրտով չէ, վարչապետը վերջին մեկուկես տարում պարբերաբար է բարձրաձայնում, և սա հենց այն շրջանն է, երբ հռչակագրից հրաժարվելու օրակարգը Երևանին համառորեն պարտադրում է Բաքուն:

«Անկախության հռչակագրերը պետությունների ծննդյան վկայականներն են, ո՞նց կարելի է ծննդյան վկայականը հակադրել պետությանը», - ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:


Ավելի քան երեք տասնամյակ առաջ ընդունված հռչակագրի բովանդակությունը ինչո՞վ է հակասում Հայաստանի գոյությանը.

Վարչապետի դիրքորոշումը կիսող իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը բացատրում է՝ այն, ինչ գրված է հռչակագրում, անիրատեսական է: Խանդանյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ մտածում, թե հռչակագրի վերաբերյալ քննարկումները Բաքվի պարտադրանքով են:

«Հայաստանի հանրության հետ փակ սենյակում մտնենք և ոչ հրապարակային խոսակցություն ունենաք, դա անհնար է ժողովրդվարական երկրի պայմաններում, բայց դա չպետք է պատճառ լինի, որ մենք դադարեցնենք այդ խոսակցությունը, որովհետև դա կնշանակի հեռանալ ժողովրդից և չխոսել իրական խնդիրների մասին, որ կան մեր երկրում», - ասաց Խանդանյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մինչդեռ հակադարձում է՝ Հայաստանում երբևէ որևէ քաղաքական ուժի կամ առավել ևս քաղաքացիների համար հռչակագիրը խնդիր չի եղել: Փաստաթղթի բովանդակությունը, նրա կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» վիճարկում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով:


«Հանկարծ բոլոր այն կառույցները, ինստիտուտները, փաստաթղթերը, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, դառնում են նաև թիրախ Նիկոլ Փաշինյանի համար: Ո՞նց է այսպես լինում», - հարցնում է ընդդիմադիր պատգամավորը:

Իշխող պատգամավորը հակարդարձում է․ - «Խոսակցությունը բացառապես ներհայաստանյան է եղել, խոսակցությունն իրական Հայաստանի գաղափարի շուրջ է եղել»։

Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին է խոսվում։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն պարտադիր է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Այդ երկրի իշխանություններին չի համոզել անգամ Սահմանադրական դատարանի որոշումը:

«Իրենք հասկանում են, որ իշխանությունը փոփոխական է և իրենք ուզում են, որ ամբողջ ժողովուրդը հաշտ լինի և ամբողջ ժողովուրդը վերաբերվի այնպես Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին, ինչպես վերաբերվում է ՔՊ-ն», - ասաց Վարդանյանը։

Երևանից թեև Բաքվի մեկնաբանության հետ համաձայն չեն, բայց սահմանադրական փոփոխություններն էլ չեն բացառում:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ թեև Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի է, իշխանությունը փորձելու է հակաիրավական գործողություններով դրան էլ հասնել, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հռչակագիրն արժեզրկելու հայտարարություններ կանի:

«Հիմա արշավը կշարունակեն, մինչև հասկանան, թե էդ հարցը ոնց կարող են լուծել։ Իսկ ոնց կարող են լուծելն, ասում եմ, իրավական մեխանիզմներ չկան, ինչ կմոգոնեն էստեղ, ես չգիտեմ։ Բայց ինչ պիտի տեղի ունենա՝ էն, ինչը որ արժեք է նախ պետք է արժեզրկվի, դրա համար պայքարողներ պիտի չլինեն, դա որպես արժեք ընկալողներ, իրենց կարծիքով պիտի չլինեն, որպեսզի իրենք կարողանան դրա դեմ ապօրինի հարձակումները հեշտացնել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց դրա փոփոխությունը նախապայման չեն դարձնում նաև այն պատճառով, որ խաղաղության բանակցությունները չմտնեն փակուղի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG