Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ ընտանիքի փաստաբանն իրավապահներից պահանջում էր վարորդից բացի, մեղադրյալի աթոռին նստեցնել նաև շարասյան ղեկավարներին: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը երեկ տեղեկացրեց, որ դատախազի որոշմամբ դա տեղի չի ունենա, այսինքն՝ գործը դատարան չի հասնի: Խոսքը Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարի ու պետական պահպանության՝ ուղեկցող մեքենաների ղեկավարների մասին է։
«Նշված երկու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում՝ ըստ կառավարության որոշման ավտոշարասյան արագության համար, հետևաբար այդ հանգամանքը պետք է քննության առարկա դառնար», - «Ազատությանն» ասաց նա։
Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ կբողոքարկի այդ որոշումը: «Ազատություն»-ը փորձեց Գլխավոր դատախազությունից պարզել՝ ի՞նչ հիմնավորմամբ է դատախազն այդ որշումը կայացրել, և արդյոք այդպիսով դատախազությունը համարում է, որ ավտոշարասյան ղեկավարներն այնպիսի արարք թույլ չեն տվել, որը քննության առարկա պետք է դառնա: Պատասխան դեռ չկա։ Սա ողբերգական վրաերթի բուն գործից անջատված մասով պիտի քննվեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետին ուղեկցող մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ գործը իրավապահներն ուղարկել են դատարանՓաստաբանը մինչդեռ պնդում է՝ բարձրաստիճան այդ պաշտոնյաների պատասխանատվության տիրույթում է նաև 28-ամյա հղի կնոջ համար ճակատագրական դարձած խաչմերուկի կարգավորման հարցը, այն խաչմերուկի, որն, ըստ մահացած հղի կնոջ հոր ու փաստաբանի, պատշաճ փակ չի եղել վարչապետի շարասյան համար, հակառակ դեպքում, ասում են, Սոնան չէր հայտնվի ճանապարհի վտանգավոր հատվածում՝ մեքենայի անիվների տակ:
«Ակնհայտ է, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվում՝ լինի դա վարչապետի միջամտությամբ, թե առանց այդպիսի միջամտության։ Այս գործն ակնհայտորեն քաղաքականացվեց, այսինքն՝ կապվեց վարչապետի անձի հետ, և վարույթն իրականացվող մարդն էլ դրանով կաշկանդվեց, բավարար և պատշաճ քննություն չիրականացրեց», - ասաց փաստաբանը։
Ավելի քան 2 տարի է՝ դատարանը փորձում է պարզել՝ ով է մեղավոր կնոջ մահվան համար: Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ դատարան չի հասել գործով կարևոր մի ապացույց՝ ուղեկցող մեքենաների միջև ռադիոկապի ձայնագրությունը: Դատախազի կողմից մերժված այդ վարույթում նաև այդ ձայնագրության անեհտանալու հարցը կար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոնա Մնացականյանի հայրը պնդում է՝ դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է. պաշտպանական կողմը չի ընդունում
Սոնայի հայրը՝ Մնացական Մնացականյանն, «Ազատությանն» ասաց՝ ավելին չէր էլ սպասում, հատկապես երբ իր պնդմամբ՝ բուն գործով դատական նիստերը ձգձգվում են: Վերջին նիստը, օրինակ, չի կայացել, որովհետև վրաերթի ենթարկած և մեղադրանքը չընդունող վարորդի՝ մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանները ներկա չէին։ Դատարանին տեղեկացրել են, թե այլ գործով սպանության դեպքի վայրում են եղել։ Իսկ հաջորդ նիստն արդեն նոյեմբերին է նշանակվել։
«Դատական նիստերը մեկի մեկի համեմատ երկու ամիս ուշացումով են նշանակում՝ պատճառաբանելով, թե սպանված է։ Ես չեմ էլ ուզում կարդալ այդ վերլուծությունները, հիասթափության չգիտեմ որ աստիճան կա, հիասթափությունից հետո գալիս է, որ ոչ մի տիպի վերաբերմունք ցույց չես տալիս», - ասաց հայրը։
Վարչապետին ուղեկցող շարասյան առջևից ընթացքող մեքենան է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկել: Վարորդի՝ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի փաստաբանը դատական առաջին նիստից սկսած պնդում է՝ ճանապարհը կարգավորող տեսուչը զգուշացրել է, որ ճանապարհը փակ է, բայց հղի կինը չի ենթարկվել նրան, հասել է վտանգավոր գոտի և վրաերթի ենթարկվել:
«Սոնա Մնացականյանը խաչմերուկը հատել է լուսացույցի արգելող ազդանշանների ներքո, այսինքն՝ ինքը պարտավոր էր ղեկավարվելու ոչ թե լուսացույցի լույսերով, այլ կարգավորողի գործողություններով», - ասել է փաստաբանը։
Ռուբեն Բալոյանը չի ընդունում նաև Մնացականյանի ընտանիքի պնդումը, որ վարորդը գերազանցել է արագությունը: Նա էլ իր հերթին է դժգոհ իրավապահների աշխատանքից. - «Համոզմունք է առաջացել, որ դատարանը Արամ Նավասարդյանին անարդար ձևով դատապարտելու է, բայց մենք պայքարելու ենք։ Կլասիկ, անարդար քննություն է կատարվում, և ոչ ոք սա չի մարսելու»։
Դատական նիստերի այսպիսի ձգձգումներով 3 տարին շատ արագ կանցնի, և «վաղեմության ժամկետը կլրանա այս գործով», և «հղի դուստրս կճանաչվի իր իսկ մահվան միակ մեղավորը», մտահոգված է դստերն ու դեռ չծնված թոռանը կորցրած Մնացական Մնացականյանը։ Վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը, մինչդեռ, հակառակն է կարծում՝ մի քանի նիստով գործը կավարտվի։