Ծնողը պնդում է՝ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակը պարբերաբար ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային

Անանուն մնալ ցանկացող ծնողը պնդում է՝ Երևանի կենտրոնի մանկապարտեզներից մեկում դայակը պարբերաբար ծեծել է հաշմանդամություն ունեցող իր փոքրիկին, որը թեև դժվարությամբ է խոսում, բայց հստակ նկարագրել է իր հետ կատարվածը: Ծնողի խնդրանքով ձայնը փոխված է։

«Էրեխուն, որ հարցնում էի՝ պարտեզում քեզ ի՞նչ են անում, ձեռքով խփում էր գլխին, վախենում էր իրանցից, ասում էր՝ գնա, չէր թողնում իրան մոտիկ գային: Տանը, երբ մենք պարտեզ էինք խաղում, իբր պառկում էի քնելու, երեխան գալիս էր՝ սկսում ինձ խփել ու պաչել, այսինքն, էդ մեթոդով դայակն էնպես ա արել, որ լռեցրել ա, համ էլ, որ երեխան մտածի, որ սիրում ա իրեն», - պատմեց ծնողը:

Տնօրենը թեև հերքում է, որ իր ղեկավարած մանկապարտեզում այդպիսի դեպք է տեղի ունեցել, այդուհանդերձ ընդգծում է՝ դայակն ու դաստիարակն այլևս չեն աշխատում:

«Դա չապացուցված դեպք է, որ ծնողը ներկայացրել է, որ մի ծնողի երեխայի պատմության հիման վրա է իր բողոքը: Կարևորելով երեխայի գերակա շահը՝ դայակը և դաստիարակն այլևս մանկապարտեզում չեն աշխատում», - ասաց տնօրենը:

«Ազատության» հարցին՝ «եթե չունեք ապացույց ինչպե՞ս եք աշխատանքից ազատել», նա պատասխանեց. - «Ես չեմ ազատել, քանի որ հիմնավոր պատճառներ չեմ ունեցել՝ ո՛չ ձայնագրություն, ո՛չ տեսանյութ, ապացույց չի եղել, դայակը և դաստիարակն ազատվել են իրենց դիմումի հիման վրա»:

Մոր խոսքով՝ երեխան որոշ ժամանակ հաճույքով է մանկապարտեզ հաճախել, հետո սկսել է փաթաթվել իր ոտքերին ու լացելով հրաժարվել գնալ: Մայրն ասում է՝ խմբի մի քանի երեխաներ իրենց ծնողներին պատմել են, թե դայակը խփում է այդ փոքրիկի գլխին, ծնողներն էլ դա իրեն են փոխանցել: Կինն ամուսնու հետ միանգամից գնացել է մանկապարտեզ հետո հասել թաղապետարան, քաղաքապետարան ու ԱԺ: Խոստումներ են լսել, որ հարցը կլուծվի, իսկ մանկապարտեզում պնդել են՝ սուտ է:

«Ծածկադմփոց արեցին, որ տեսան մենք չենք հանգստանում, Ազգային ժողովից իրենց դիմեցին, այսինքն, բոլորն իմացան, բայց դայակը մինչև էդ հեռացվեց», - նշեց ծնողը:

Հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպվել: Հետո ծնողը դիմել է Ֆեյսբուքում ավելի քան 31 հազար օգտատեր ունեցող «Մանկապարտեզը և երեխաները» խմբի համահիմնադիր Աննա Ջավախյանին, ու միայն նրա հրապարակավ գրառումից հետո, ասում է, դաստիարակը նույնպես դադարել են աշխատել մանկապարտեզում: Դա համընկել է համացանցում Փոքր Վեդիում երեխային ծեծող դայակի տեսանյութի տարածման օրվա հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բռնությունը մանկապարտեզներում. ինչպես են երեխա ծեծող դայակներն անպատիժ մնում

«Տնօրենն ասաց՝ երեխաներն իրեն պատմել են, որ տատիկը բալիկիս պուշ է արել: Երեխաները դայակին տատիկ են ասում»,- պատմում է ծնողը, որը պնդել է, թույլ տան ինքն էլ խոսի երեխաների հետ, բայց առանց դայակի ու դաստիարակի:

«Սկսեցին երեխաները պատմել, մի երեխա խոսում էր ու ասում ա՝ տատիկն այ սենց խփում ա գլխին, բռունցքով երեխան խփում էր ինքն իր գլխին ու ասում էր՝ սենց ծեծում ա», - պատմեց մայրը:

«Ազատության» հետ զրույցում տնօրենն ասաց, որ նախ թույլ է տվել, որ այդ հանդիպումը՝ «քանի որ դա թույլատրելի չէր, սխալ հարցադրումների միջոցով կարող են երեխաներին տրավմայի ենթարկել, մենք խնդրեցինք, որ դուրս գան խմբասենյակից»: Ես համարում եմ, որ այդպիսի բան մանկապարտեզում չի եղել:

Հետո շարունակեց՝ անհամբեր սպասում են, որ քաղաքապետի խոստացած տեսախցիկներն իրենց մանկապարտեզում էլ տեղադրվեն:

Մայրն ասում է՝ ցավալի էր տեսնել, թե ինչպես են իր երեխայի խմբի 27 ծնողներ ստորագրահավաք կազմակերպել՝ ի պաշտպանություն դայակի ու մենակ թողել իրեն: Այդ խմբին, սակայն, չեն միացել այն երկու ծնողները, որոնք պատմել են իր երեխայի նկատմամբ բռնության մասին։

Ծնողը վստահ է՝ ստորագրահավաքն ուղղորդված էր: Տնօրենը սա էլ է հերքում. - «Ես ոչ մի կապ չունեմ և ոչ էլ դայակն ու դաստիարակը: Դա ծնողների կարծիքն է, որը ներկայացրել են ինձ»:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասում է՝ բոլոր կողմերի հետ խոսել են, բայց, որ այսպիս դեպքերը կանխվեն, շուտով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն:

«Փուլ առ փուլ բոլոր 162 մանկապարտեզում պետք է ունենանք, տեսանյութերի պահպանումը, ուսումնասիրությունը, ամբողջ գործառույթը լինելու է հանրակրթության վարչության ձեռքում», - նշեց Կոստանյանը:

Հարցին՝ տնօրենները որևէ միջամտության հնարավորություն չե՞ն ունենալու, Կոստանյանը պատասխանեց. - «Ոչ, իրենք ուղղակի կարողանալու են դիտել և խնդիրների դեպքում միանգամից արձագանքել»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ ծնողը չպետք է ապացույցներ հավաքի, վերահսկողները պետք է հոգեբանների անկախ խմբեր ունենան ու պատահական այցերով զրուցեն հենց երեխաների հետ, վստահ է՝ նրանք ամենաճիշտն են պատմում: Պարզապես պետք է նրանց լսել:

«Պետք է ներդնենք վերահսկողական, երեխաների լսված լինելու իրավունքի հետ կապված, նրանց իրավունքները պաշտպանելու հետ կապված կայուն մեխանիզմներ», - ասաց իրավապաշտպանը:

Ի տարբերություն այս ծնողի, Փոքր Վեդիում դայակի կողմից ծեծի ենթարկված երեխայի ծնողները հրաժարվեցին բողոք ներկայացնել, դայակի փաստաբանը հայտարարել էր՝ նա զղջացել է ու ազատության մեջ է:

Իրավապաշտպանը շարունակում է պնդել՝ իրավապահները պետք է ստուգեն՝ ինչո՞ւ են այս դեպքում երեխաների ծնողները հրաժարվել: Արվու՞մ է դա՝ Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը չկալանավորվեց