Մատչելիության հղումներ

Բռնությունը մանկապարտեզներում. ինչպես են երեխա ծեծող դայակներն անպատիժ մնում


Մանկապարտեզ, արխիվ
Մանկապարտեզ, արխիվ

Ծնողները բողոք չեն ներկայացրել

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային հարվածող դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո մեկուսարանից տուն գնաց։ Դաստիարակը ձերբակալվեց, երբ համացանցում տարածվեցին ծեծի կադրերը։ Քրեական գործը հարուցվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով:

Թեև գործը հսկող դատախազը հանձնարարել էր քննիչին, որ դաստիարակին կալանավորելու միջնորդություն ներկայացնի դատարան, քննիչը դա չկատարեց: «Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ: Քննչականից միայն հաստատեցին, որ դաստիարակին կանանավորելու միջնորդություն չեն ներկայացրել, ավելին՝ մյուս ծնողներից էլ բողոք չկա:

«Այս պահի դրությամբ մանկապարտեզում նման այլ դեպքի վերաբերյալ դեռևս տվյալներ չունենք, բայց այդ ուղղությամբ քննություն է իրականացվում», - «Ազատության»-ը փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դաստիարակի փաստաբանը հրաժարվեց հարցազրույցից, ասաց՝ Aravot.am-ին արդեն ասել է, որ իր վստահորդը զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից: Այդուհանդերձ, եթե Քննչականը գործը դատարան հասցնի, ու դաստիարակի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։

Ծեծի ենթարկված երեխայի ընտանիքից որևէ մեկը չպատասխանեց «Ազատության» զանգերին:

Իրավապահները պետք է պարզեն՝ ինչո՞ւ է ընտանիքը հրաժարվել ցուցմունքից. իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ բողոքից հրաժարվող ծնողը դատարանում մենակ է թողնելու քննիչին, որը չի կարողանալու մեղադրանքն ապացուցել, երբ տուժողը լռում է: Բայց, ըստ իրավապաշտպանի, իրավապահները հենց սա պետք է պարզեն՝ ինչո՞ւ է ընտանիքը հրաժարվել ցուցմունքից։

«Ի՞նչ գործոններ են ազդում ծնողի վրա, կամ միգուցե հենց ընտանիքում ևս բռնությունը նորմալիզացված է, և երեխան ինչպես մանկապարտեզում, այնպես էլ տանը ենթարկվում է բռնության։ Բացվում է հետազոտության մի նոր տարածք, որը ընտանիքն է», - ասաց նա։

Կադրերում երևում է, թե ինչպես է դայակը քաշքշում անչափահաս երեխայի թևից, հետո ծեծելով ստիպում, որ քնի։ Հարվածներից լացող երեխան փորձում է խուսափել նրա ապտակներից, բայց չի հաջողվում: Իրավապաշտպանն ասում է՝ չի կարելի խնդիրը թողնել ծնողի իրավագիտակցության վրա, հատկապես, երբ փոքր համայնքներում մարդկանց կապերը սերտ են, ու համայնքը հիմնականում փորձում է թաքցնել բացասական երևույթները։

«Առաջին խնդիրը, որն իրենց մտահոգում է, համայնքի վերաբերյալ վատ բան դուրս չգա», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

Խի՞ եք մի ամիս թաքցրել, ի՞նչն էր ձեր իրական նպատակը. համայնքապետի արձագանքը

«Ազատություն»-ը համայնքի ղեկավար Կարեն Ստեփանյանին հարցրեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե նաև ինքն է հորդորել ընտանիքին չբողոքել, որովհետև դաստիարակը իր դասընկերուհին է, իսկ ծեծված երեխայի ընտանիքի հետ ընկերական կամ բարեկամական կապեր ունի, պատասխանեց. - «Գլուխը պատին է տվել նման տեղեկություն հաղորդողը»։

Վարչական շրջանի ղեկավարը չհերքեց, որ բարեկամական ու ընկերական հարաբերություններ ունի պատմության բոլոր կողմերի հետ, ասաց՝ փոքր համայնք է, բոլորն էլ իրար բարեկամ են: Պնդեց՝ չի արդարացնում ծեծը, բայց իրեն ավելի էր զայրացրել այն, թե ինչու է կադրերը մայիսին նկարահանողը դրանք այսօր տարածել։

«Լավ ինձ չէիք ասում, համայնքի ղեկավար գոյություն ունի, մարզպետարան, ոստիկանություն, ԱԱԾ, Մարդու իրավունքների պաշտպան։ Խի՞ եք մի ամիս թաքցրել, ի՞նչն էր ձեր իրական նպատակը։ Դա ես չեմ ասում՝ արդարացնելու համար այդ երևույթը, ես ասում եմ, որ եթե դուք գիտեիք և այդքան սրտացավ էիք այդ երեխաների նկատմամբ, նույն օրը ինձ տեղեկացնեիք, ես այդ ամեն ինչը կանխեի։ Սխալի համար մարդը պետք է պատժվի, բայց հայ կին է, հայ մայր է, վերջը ընտանիք է», - նշեց Կարեն Ստեփանյանը։

«Եթե չլիներ տեսանյութը, խնդիրը չէր բացահայտվի»

«Եթե չլիներ տեսանյութը, խնդիրը չէր բացահայտվի»,- ասում է ավելի քան 31 հազար հետևորդ ունեցող «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր Աննա Ջավախյանն ու շարունակում՝ տարիներ շարունակ պայքարում է, որ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն:

Երեկ Երևանի քաղաքապետն է հայտարարել, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում հոկտեմբերից տեսախցիկներ կտեղադրվեն:

Ջավախյանն ասում է՝ մարզերում էլ է սա պարտադիր, հատկապես, երբ մյուս ծնողները սկսում են մանկապարտեզի ղեկավարությանը պաշտպանել, իսկ բողոքող ծնողին մենակ թողնել։

«Ծնողին թվում է՝ եթե ինքը հիմա պաշտպանեց դաստիարակին, իր երեխային գլխի վրա դրած պահելու է։ Բայց, իրենք ոչ միայն գնում են, սկսում են պաշտպանել, իրենք սկսում են հալածել այն ծնողին, որը բողոքել է, թաքցնում են միանգամից «գործ տվող»-ի պիտակը», - շեշտեց նա։

«Դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են իր երեխայիս ուտել հող, խոտ, կղանք, պարանով կապել են փոքրիկիս ձեռքերն ու պարանոցը, երկաթյա տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։ Այս ամենի շարժառիթը, երեխայիս հոր պակիստանցի լինելն է»,- երկու տարի առաջ հայտարարել էր ծնողն ու գործն իրավապահներին հասցրել, բայց տարիներ անց Քննչական կոմիտեն այս գործը կարճեց՝ անբավարար ապացույցների հիմքով:

Նախորդ տարի էլ Երևանի թիվ 94 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողները գաղտնի ձայնագրիչով էին երեխային մանկապարտեզ ուղարկել՝ կասկածներ էին ունեցել, որ փոքրիկին ծեծում են։

Այս դեպքից հետո աշխատանքից ազատվեցին դաստիարակը, տնօրենն ու վարչական շրջանի համապատասխան վարչության պետը: Քրեական գործ է հարուցվել, մեղադրյալ դեռ չկա:

«Մանկապարտեզի տնօրենին կես տարի հնարավոր չէր լինում բերել դատարան»

Մեկ այլ ծնող էլ՝ Վիկտորյա Ռստակյանը, արդեն 3 տարի է, ինչ փորձում է դատարանում ապացուցել, որ իր 2.5 տարեկան երկվորյակներին Երևանի «Մեր բակ» կոչվող մասնավոր մանկապարտեզում ծեծել ու վախեցրել են աշխատակիցները: Նա էլ երեխայի խաղալիքում է ձայնագրիչ սարք տեղադրել ու պարզել, որ ոչ միայն իր երեխան է ծեծվել մանկապարտեզում։

«Մանկապարտեզի տնօրենին կես տարի հնարավոր չէր լինում բերել դատարան, որ վկայություն տա։ Հստակ է, որ նա նոր մանկապարտեզ է բացել, իր տվյալներն այնտեղ հստակ դրված են, բայց դատավորը ոստիկանությանն ասում էր՝ պետք է բերման ենթարկել այս մարդուն վկայության համար, ոստիկանությունը չէր կարողանում։

Մենք ենք ծնողներով նորից գտել, տվյալները փոխանցել, որ եկել, վկայություն է տվել», - պատմեց նա։

«Այսպիսի դեպքերը կկանխվեն, եթե վերահսկողները պարբերաբար հենց երեխաների հետ խոսեն ու հետո աչք չփակեն նրանց պատմածների վրա»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Պետությունն, ըստ նրա, պետք է տուժած փոքրիկների հետ աշխատանքն իր ուսերին վերցնի անվճար, օրինակ՝ Փոքր Վեդիի փոքրիկը ծեծից հետո դեռ երկար է շարունակել մանկապարտեզ գնալ: Այսպիսով մեծերի աշխարհը նրանց համար վտանգավոր է դառնում, սկսում են հարաբերություններն այլ կերպ կարգավորել, նկատեց նա։

Վերջին տարիներին մանկապարտեզներում ու դպրոցներում բռնության քանի այսպիսի դեպք է գրանցվել՝ իրավապահ մարմիններն այսպիսի վիճակագրություն չեն վարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG