Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո չկալանավորվեց։
Դաստիարակը ձերբակալվել էր, երբ համացանցում տարածվեց ծեծի տեսանյութը։ Քրեական գործը հարուցվել է անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով: Գործը հսկող դատախազը հանձնարարել էր քննիչին, որ դաստիարակին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի դատարան:
«Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ: Քննչականից միայն ասացին՝ դաստիարակին կալանավորելու միջնորդություն չեն ներկայացրել, ավելին՝ մյուս ծնողներից էլ բողոք չկա: Հետևաբար կալանքի 72 ժամը լրանալուց հետո, մանկապարտեզի դաստիարակը մեկուսարանից գնաց տուն:
Այդուհանդերձ, եթե Քննչականը գործը դատարան տանի ու դաստիարակի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։