Թրամփը Ուկրաինայում անհապաղ հրադադարի և բանակցությունների կոչ է անում

Ֆրանսիա - ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են Փարիզում, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման և բանակցություններ սկսելու կոչ է անում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար «գործարք» կնքել Ռուսաստանի հետ:

Այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր Truth Social սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Դամասկոսի անկումը:

«Ասադն այլևս չկա: Նա փախուստի դիմեց իր երկրից: Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս հետաքրքրված չէ նրա պաշտպանությամբ: Ռուսաստանն առհասարակ այնտեղ անելիք չուներ», - ընդգծում է ԱՄՆ ընտրված նախագահը:

Թրամփի պնդմամբ՝ Ռուսաստանը Սիրիայի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով, որում, ըստ նրա, շուրջ 600 հազար ռուսաստանցի զինվոր վիրավորվել է կամ զոհվել:

Թրամփը վստահեցնում է, որ Զելենսկին կցանկանար Ռուսաստանի հետ «գործարք» կնքել՝ «այս խելահեղությունը» դադարեցնելու համար: Միացյալ Նահանգների ընտրված նախագահը ուկրաինական կողմի կորուստները պատերազմում գնահատել է «400 հազար զինվոր»:

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները: Անչափ շատ կյանքեր են անօգուտ կորսվել, չափազանց շատ ընտանիքներ են կործանվել: Եվ եթե այսպես շարունակվի, դա կարող է վերաճել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ ինչ-որ բանի: Ես լավ գիտեմ Վլադիմիրին: Այժմ նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել: Աշխարհը սպասում է», - ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը:

Նախօրեին Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Զրույցը շարունակվել է մոտ 35 րոպե: Հանդիպմանը ասուլիս չի հաջորդել, նախագահները մեկնել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Axios-ի աղբյուրների վկայությամբ՝ Թրամփն ի սկզբանե չի ցանկացել հանդիպել Զելենսկու հետ, սակայն ի վերջո համաձայնել է: Աղբյուրների վկայությամբ՝ հանդիպումը «լավ և արդյունավետ» է ստացվել:

«Հաղորդակցվեցինք մեր մարդկանց, ռազմի դաշտում իրավիճակի և Ուկրաինայի համար արդար խաղաղության շուրջ: Մենք բոլորս ցանկանում ենք ավարտել այս պատերազմը հնարավորինս արագ և արդարացի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ասադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են ԴամասկոսըՄինչ Թրամփի երդմնակալությունը Կիևը ռազմական օգնության փաթեթ և 20 մլրդ դոլարի վարկ կստանա․ GuardianԵրմակը Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի ներկայացուցիչների հետ․ Reuters«Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիա». ISW-ն վերլուծել է ՌԴ-ում խաղաղ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններըՄոսկվան «Օրեշնիկ»-ի նոր թիրախներ է ընտրում, Թրամփն Ուկրաինայի հարցով ներկայացուցիչ առաջադրում