ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին։
Նա նշել է, որ ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն ու հնդկական ծագում ունեցող 38-ամյա հայամետ հայացքներով հայտնի գործարար Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն դաշնային կառավարության աշխատանքը դյուրացնող վարչությունը։

Վիվեկ Ռամասվամի, Իլոն Մասկ
«Մասկը և Ռամասվամին ուղի կհարթեն իմ վարչակազմի համար՝ կրճատելով բյուրոկրատիան, կրճատելով ավելորդ կանոնակարգերը, կրճատելով անտեղի ծախսերը և վերակառուցելով դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Թրամփը նաև ասել է, որ իր վարչակազմի պաշտպանության նախարարը կլինի Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ նա բանակի վետերան է և ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Գուանտանամոյում։
Հեգսեթը նաև Fox News-ի մեկնաբանն է ու ինչպես ինքն է ասել, դեմ է «Պենտագոնի ներկայիս առաջադեմ» ղեկավարությանը:

Փիթ Հեգսեթ
Իսկ Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Թրամփն առաջարկել է 2022-ին Հարավային Դակոտայի նահանգապետ ընտրված Քրիստի Նոեմին։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ հրաժարվեց նահանգում դիմակի պարտադիր կրում կիրառել COVID-19 համաճարակի ժամանակ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 260 հազար աշխատակից ունի։ Կառույցը զբաղվում է նաև սահմանների անվտանգությամբ, ահաբեկչական սպառնալիքների դիմակայությամբ և կիբերանվտանգությամբ։
Քրիստի Նոեմ
Իսկ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆին Թրամփը որոշել է Կենտրոնական հետախուզական վարչություն ղեկավար նշանակել։ Ռաթքլիֆը համարվում է Թրամփի հավատարիմ աջակիցը:
Ջոն Ռաթքլիֆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարկո Ռուբիոն կարող է ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը դառնալ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն