Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն կարող է ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը դառնալ


Սենատոր Մարկո Ռուբիոն կդառնա Միացյալ Նահանգների առաջին լատինաամերիկյան ծագում ունեցող պետքարտուղարը․ եթե նրա նշանակման մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն։

Ֆլորիդայից ընտրված 53-ամյա սենատորը ծնվել է կուբացի ներգաղթյալների ընտանիքում և անցել է ամերիկյան քաղաքական համակարգի գրեթե բոլոր աստիճաններով՝ սկզբում քաղաքային խորհրդի, ապա նահանգային ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայի օրենսդիր մարմնի խոսնակ և ի վերջո՝ ԱՄՆ սենատոր։ 2024 թվականի ընտրարշավի ընթացքում Ռուբիոն իր միանշանակ աջակցությունը հայտնեց Թրամփին՝ մասնակցելով նրա նախընտրական հանրահավաքներից մի քանիսին և լրջորեն նպաստելով հատկապես Ֆլորիդայում հանրապետական թեկնածուի տարած համոզիչ հաղթանակին։

«Դոնալդ Թրամփի հետ միասին մենք պատրաստվում ենք Ամերիկան ոչ միայն հզորացնել, այլև այն ավելի հզոր դարձնել քան երբևէ», - դիմելով հանրապետական ընտրողներին՝ անցած ամիս հայտարարում էր Ռուբիոն։

Ռուբիոյի և Թրամփի հարաբերությունները, սակայն, ոչ միշտ են այսքան լավ եղել։ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ թե՛ Թրամփը, և թե՛ Ռուբիոն մասնակցում էին հանրապետականների ներկուսակցական ընտրություններին։

Ութ տարի առաջ ծավալված այդ ընտրարշավի ընթացքում երկու գործիչները շատ արագ պարզ քննադատությունից անցան փոխադարձ վիրավորանքների։ Թրամփն իր երիտասարդ կուսակցին մեղադրում էր թույլ առողջություն ունենալու մեջ՝ ծաղրական տոնով պնդելով, թե Ռուբիոն նույնիսկ ամենակարևոր ելույթների ժամանակ անդադար քրտնում և ջուր է խմում։

Մարկո Ռուբիոն ևս Թրամփից հետ չէր մնում՝ պնդելով, թե նա՝ «թույլ միզապարկ ունի», «խնդիրներ ունի անգլերենի ուղղագրության հետ» և ընդհանրապես սուտասան է, խարդախ ու խաբեբա, որի օգտին հանրապետական ընտրողները ոչ մի պարագայում չպետք է քվեարկեն։

2016 թվականին, սակայն, Ռուբիոն պարտվեց ներկուսակցական ընտրություններում, Թրամփն ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ, և երկու բարձրաստիճան հանրապետականների հարաբերություններում առկա լարվածությունն աստիճանաբար մարեց։

Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին առաջինը գրեց The New York Times-ը՝ նշելով, որ սենատորը արտաքին քաղաքական մի շարք հարցերում բավական կոշտ դիրքորոշում ունի։ Խոսքը նախևառաջ Չինաստանի, Կուբայի, Իրանի և Վենեսուելայի հետ հարաբերությունների մասին է։ Ռուսաստանի պարագայում Ռուբիոյի տեսակետները ևս բավական կոշտ էին, բայց վերջին շրջանում դրանք զգալիորեն մեղմացել են։ Եթե 2022-ին սենատորը կողմ էր Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելուն, ապա այս տարվա ապրիլին արդեն նա դեմ քվեարկեց Կիևին 95 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագծին՝ կոչ անելով ստեղծված ճգնաժամից խաղաղ ելք գտնել։

«Այն, ինչ մենք ենք ֆինանսավորում՝ փակուղային պատերազմ է։ Դրան պետք է վերջ տրվի, որովհետև, հակառակ դեպքում Ուկրաինան վերականգնելու համար 100 տարի կպահանջվի։ Դա չի նշանակում, որ մեզ դուր է գալիս այն, ինչ արել է Վլադիմիր Պուտինը, սակայն կարևոր է բանականությամբ առաջնորդվել։ Այսօր, սակայն, մենք փակուղային մի պատերազմ ենք ֆինանսավորում, որը կյանքեր է խլում», - նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին հայտարարում էր Ռուբիոն։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ ծավալվող իրադարձություններին Մարկո Ռուբիոն բավական քաջատեղյակ է։ 2022 թվականին նա Նյու-Ջերսիից ընտրված և հետագայում, կոռուպցիոն մեղադրանքով դատապարտված Ռոբերտ Մենեդնեսի հետ հետ մի օրինագիծ էր շրջանառության մեջ դրել, որով դատապարտվում էր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան և կոչ էր արվում Բաքվին պատժամիջոցների ենթարկել։

2023 թվականի աշնանը՝ Արցախի հայաթափումից հետո, Ռուբիոն միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտ» կոչվող փաստաթղթին, որը կոչ էր անում Սպիտակ տանը դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Այդ օրերին Ռուբիոն Х-ի իր օգտահաշվում գրել էր. - «Ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն դեպի Ադրբեջան, մի երկիր, որն ապակայունացնում է տարածաշրջանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG