Արցախցիների բնակարանային ծրագրի նախընտրելի բնակավայրերի երկու ցանկերում էլ Տիգրանաշենը չկա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մինչև ծրագրի ու այդ ցանկերի հաստատումը բացատրել էր՝ կան բնակավայրեր, որոնց զարգացմամբ կառավարությունը հատուկ շահագրգռություն ունի, և այնտեղ հաստատվելու ցանկություն ունեցող արցախցիները կստանան ավելին, քան մեկ անձի հաշվով երեք միլիոնն է։ 390 բնակավայրերի երկու ցանկերում հիմնականում սահմանամերձ կամ հեռավոր գյուղեր են, մեկ հավաստագրի արժեքը 5 կամ 4 միլիոն դրամ է։ Այդ ցանկերում օրինակ՝ Կիրանցն է, Ներքին Հանդը, Վերին Շորժան, Արարատի մարզից Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ համայնքներն են, Տիգրանաշեն/Քյարքիի անունը չկա։
«Բոլոր այն բնակավայրերը, այդ թվում՝ Տիգրանաշենը, եթե չկան 4 և 5 միլիոնանոց արժողությամբ ցանկերում, տրամաբանական է, որ իրենք դիտարկվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 միլիոն դրամ», - ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Այսինքն՝ պետության համար առաջնային համարվող համայնքների ցանկում չէ Տիգրանաշենը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ բնակավայրերի ցանկերն ստացել են Տարածքային կառավարման նախարարությունից։
Ուշագրավ է այն, որ Տիգրանաշենը ներառված է մեկ այլ, ավելի վաղ սկսված սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար պետությունից տրամադրվող 16 միլիոն դրամի աջակցության ցանկում։ Ինչո՞ւ է կառավարությունը սահմանամերձ այլ համայնքների շարքում Տիգրանաշենն էլ առաջնահերթ համարում պետական այս ծրագրի համար, իսկ շուրջ մեկ ամիս առաջ հաստատված բնակարանային ծրագրի համար Տիգրանաշեն/Քյարքին այլևս առաջնահերթություն չէ։ «Ազատություն»-ն այս հարցով կառավարությանը գրավոր դիմել է, պատասխան դեռ չկա։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Տիգրանաշենի հարցում այս վերանայումը կապում է սահմանազատման գործընթացի հետ, կարծում է՝ երկրորդ փուլով իշխանությունն Ադրբեջանին է հանձնելու 4 անկալվները։
«Առաջին փուլում Տավուշում իրականացված «սահմանազատման» աշխատանքներից հետո երկրորդ փուլում պետք է դիտարկվեր այն 4 գյուղերի հարցը Ադրբեջանին հանձնման, որոնցից մեկը Տիգրանաշենն է, և բնականաբար այս պայմաններում արցախցիների կամ մեկ այլ խմբի առաջարկել այդ գյուղում բնակարանաշինություն կամ բնակարանի գնում որևէ ձևով չի տեղավորվում իշխանության քաղաքականության շրջանակներում», - ասաց նա։
Տիգրանաշենը չկա, արդյոք սահմանամերձ մյուս համայնքներում տուն գնել ցանկացող արցախցիներ կան։ Սոցապնախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանի տեղեկացմամբ՝ դիմումները դեռ նոր են ընդունում, 140 դիմում են ստացել, բայց դեռ վաղ է ասել, թե ինչ հասցե են ընտրել տեղահանված մարդիկ։ Իսկ սահմանամերձ գյուղերում 16 միլիոնով տուն կառուցելու պետության առաջարկին արձագանքողները քիչ չեն՝ 1300 հաստատված հայտ արդեն կա։
«105-ը Արարատի մարզում են, 187-ը՝ Գեղարքունիքի, 268-ը՝ Սյունիքի, 160-ը՝ Վայոց Ձորի և 790-ը՝ Տավուշի», - հայտնեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին կրակոցների մասին լուրերի նպատակը՝ տարաբնույթ. մեկնաբանություններ
Տիգրանաշենին հարևան Պարույր Սևակում 48 ընտանիք ուզում է նոր տուն կառուցել, դեռ վարկավորման փուլում են։
Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը Տիգրանաշենը նախընտրելի բնակավայրերի ցանկում չներառելը չի մեկնաբանում, միայն այն կասի, որ գյուղում 42 ընտանիք է ապրում, արցախցի տեղահանված մի ընտանիք ունեին՝ հեռացավ։