Ոստիկանությունը չի պարզաբանում՝ իրավական ի՞նչ հիմքով է արդեն երկու օր արգելափակում մարդկանց ազատ տեղաշարժը դեպի Կիրանց գյուղ և հետևաբար նաև փակ պահում Կիրանցով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի հատվածը։ Գյուղ կարողանում են մուտք գործել բացառապես միայն տեղի գրանցում ունեցող քաղաքացիները՝ անձնագրային ստուգումից հետո, մյուսների մուտքն արգելվում է։
Ներքին գործերի նախարարությունը երեկ միայն կարճ հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե Պաշտպանության նախարարությունը սահմանազատման նպատակով ականազերծում է իրականացնում, իսկ ոստիկանությունը «ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»։
Ի՞նչ է ենթադրում ուժեղացված ծառայությունը։ Արդյո՞ք այն թույլ է տալիս օրերով ճանապարհը փակ պահել։ Ոստիկանության մասին օրենքում ուժեղացված ծառայության վերաբերյալ դրույթ չկա։ Բացի այդ, ոստիկանությունը նշում է, թե ուժեղացված ծառայությունն իրականացնում են ականապատ գոտիներում։ Արդյո՞ք դեպի Կիրանց տանող միջպետական ճանապարհը դիտարկվում է որպես ականապատ տարածք։
Եվ հետո, եթե անվտանգության հարց կա, ինչպե՞ս են Կիրանցի բնակիչները ելումուտ ունենում, իսկ, օրինակ, Տավուշի թեմի առաջնորդին այդ անվտանգության նկատառումներից ելնելով արգելում են գյուղ գնալ ու մարդկանց հետ խոսել։ Ի դեպ, հենց Բագրատ սրբազանն էր անցած օրերին առաջնորդում սահմանազատման դեմ տավուշցիների բողոքի ակցիաները։
«Լրիվ անօրինական ա դա։ Մեր տեղաշարժը արգելել․․․ Մենք ո՛չ ականապատ դաշտ ենք մտնում, ո՛չ որևէ բան ենք անում, գնում ենք էն տարածքի գլխին ժողովուրդը որտեղ կան՝ բարև տանք, հետ գանք», - այսօր «Ազատությանն» ասաց Բագրատ սրբազանը։
Այս հարցերի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից որևէ մեկնաբանություն չեն տալիս։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում հայտարարեց, թե չի կարող ասել՝ ինչ նպատակով են ճանապարհը փակ պահում, բայց վստահեցրեց՝ օրենքի շրջանակում են գործում, առանց մատնանշելու օրենքի կոնկրետ դրույթը։
«Նպատակը մենք չենք կարա ասենք, ուղղակի ծառայություն ենք իրականացնում, ունենք համապատասխան գրություն Պաշտպանության նախարարության կողմից։ Մենք ուղղակի համաձայն օրենքի ժամանակավորապես այլ քաղաքացիների շարժը, մուտք ու ելքը ժամանակավորապես դադարեցրել ենք։ Գյուղացիների շարժը սահմանափակված չի, ա՛յլ քաղաքացիների», - ասաց Տավուշի ոստիկանապետը։
«Ազատություն»․ - Եթե, օրինակ, Տավուշի թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, գնա գյուղի․․․
Մկրտչյան․ - Իրավունք չունենք թույլ տալու, ով ուզում ա լինի։
«Ազատություն»․ - Ւնչո՞ւ, ի՞նչ կլինի, ասում է՝ «գնում եմ գյուղացիներին բարևեմ, հետ գամ»։
Մկրտչյան․ - Դե չի կարա, հարգելիս, մենք ծառայություն ենք իրականացնում։ Երևի թե էսքանը Ձեզ բավական է։
«Ճանապարհը փակելու որևէ իրավական հիմք այս դեպքում ոստիկանությունը չունի»
Մինչդեռ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն ընդգծում է ՝ ճանապարհը փակելու որևէ իրավական հիմք այս դեպքում ոստիկանությունը չունի, Ոստիկանության օրենքում «ուժեղացված ծառայություն» դրույթ պարզապես չկա։
«Չի թույլատրվում շրջափակել, ինչպես ուզում եք անունը դրեք՝ «ուժեղացված ծառայություն», օրենքը նույնիսկ չի էլ նախատեսում «ուժեղացված ծառայություն» եզրույթ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին նախարարը։
Հայաստանի վաստակավոր իրավաբանի կոչում ունեցող Գևորգ Դանեիլյանն մատնանշում է Ոստիկանության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի՝ արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, ոստիկանությունն իրավունք ունի ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն։ Սակայն, ըստ իրավաբանի, եթե անգամ օրենքի այս դրույթը կիրառվեր, ինչի մասին չի հայտարարվել, ապա այս դեպքում պետք է ոչ թե ամբողջ գյուղը շրջափակվեր, այլ՝ կոնկրետ ականազերծվող հատվածները։
«Գյուղում ականազերծում չի իրականացվում, գյուղի հարևանությամբ տարածքներում է իրականացվում, գյուղը ի՞նչ կապ ունի դրա հետ ախր։ Դա ընդամենը պատրվակ է՝ զուտ քաղաքական նպատակներով պատրվակ, որոշակի մարդկանց մուտք ու ելքը ընդամենը արգելելու համար, սա ակնհայտ է», - պնդեց արդարադատության նախկին նախարարը։
Բացի այդ, ըստ Դանիելյանի, եթե ոստիկանությունը հայտարարում է, թե անվտանգության հարց է լուծում, ապա այդ անվտանգությունը պետք է վերաբերի նաև գյուղի բնակիչներին։ Եթե իրոք վտանգ կա մյուս քաղաքացիների համար, ուրեմն՝ այդ վտանգն առկա է նաև Կիրանցի բնակիչների համար․ - «Այլապես, ընտրանքային կարգով մի մասին թույլ տալ, մի մասին թույլ չտալ, առավելապես մեկ անձի՝ գերաշնորհ Բագրատ սրբազանի, սա բոլորովին այլ ուղղվածություն ունի»։
Գևորգ Դանիելյանը մեկ այլ հանգամանք էլ է մատնանշում՝ եթե ոստիկանությունը ինչ-որ միջոցառում է իրականացնում՝ սահմանափակելով քաղաքացիների իրավունքները, դրա համար պետք է լինի հրապարակված որոշում։
«Դրանք գաղտնի որոշումներ չեն։ Որպեսզի քաղաքացին ունենա հնարավորություն նաև այդ որոշումը բողոքարկելու», - ընդգծեց արդարադատության նախկին նախարարը։
«Հիմա մենք այդ որոշումը չենք տեսնում ոչ մի տեղ», - «Ազատության» այս դիտարկմանը Գևորգ Դանիելյանն արձագանքեց․ - «Ես չգիտեմ, միգուցե քաղաքացիներին ցույց են տվել»։
Ի դեպ, «Ազատության» լրագրողի մուտքը Կիրանց արգելելիս որևէ գրավոր որոշում ոստիկանները ցույց չեն տվել։
«Մարդկանց ազատ տեղաշարժի հետ կապված՝ ես հիմա վերջնական գնահատական չեմ կարող տալ»․ - Մարդու իրավունքների պաշտպանը դեռ չի կարող ասել՝ Կիրանցում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը իրավաչա՞փ է, թե՞ ոչ։ Եզրակցություններ անելու համար Անահիտ Մանասյանը սպասում է ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը։
«Ազատություն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը շարունակում է փակ պահել Կիրանց տանող ճանապարհը, փակ է նաև դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։
Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ են այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։