Մատչելիության հղումներ

Կիրանցի մուտքը շարունակում է փակ մնալ. Բագրատ սրբազանին կրկին արգելվեց մտնել գյուղ


Երկրորդ օրն է` փակ է Կիրանց տանող ճանապարհը Իջևանի հատվածից։ Սարիգյուղի մոտ ոստիկանությունը, պարեկային ծառայությունը ստուգում է մեքենաները, իսկ արդեն մի փոքր ներքև նաև ոստիկանական պատնեշ է, այսինքն՝ նույնիսկ եթե հնարավոր լինի մեքենան հեռվում թողնել և ոտքով մոտենալ, միևնույն է, գյուղ մտնել արգելված է։ Այստեղ հատուկ ռեժիմ է գործում. երեկվանից պետք էր ցույց տալ իրավապահներին անձնագիր, որում նշված է Կիրանցի գրանցումը։

«Ազատության» տեղեկություններով՝ փակ են նաև հակառակ ուղղությամբ և միջգյուղային մյուս ճանապարհները ևս, այսինքն, ըստ էության, Կիրանցը շրջափակման մեջ է հայտնվել երեկվանից։

Ընդդիմադիր գործիչներ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր ևս փորձում էին գյուղ մտնել, շփվել տեղացիների հետ, սակայն ոստիկանությունը կրկին արգելեց նրանց առաջանալ։

«Մեր տեղաշարժը արգելել․․․ Մենք ո՛չ ականապատ դաշտ ենք մտնում, ո՛չ որևէ բան ենք անում, գնում ենք էն տարածքի գլխին ժողովուրդը որտեղ կան՝ բարև տանք, հետ գանք, ասենք շնորհակալություն էն հացի ու ջրի համար։ Մենք էլ պարզ գնալու էինք 5 րոպե, 10 րոպե տեսնեինք ուղղակի, ուրիշ բան չկար», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ընդդիմադիր ակտիվիստ Սուրեն Պետրոսյանը, որ այս օրերին այստեղ առաջնորդում էր պայքարը, չի հավատում վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե հատկապես ամենախնդրահարույց 3-4 կետերում, որոնք հենց Կիրանցի միջով են անցնում, սահմանագծում, սահմանազատում չի անցկացվելու։ Նա համոզված է, որ վարչապետի այդ խոստումը հակասում է Ադրբեջանի պահանջին։

«Մեր իշխանությունը էսօր փաստացի վերածվել ա Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվության փոխանցողի, սուրհանդակի, այլ գործառույթ չի արվում», - պնդեց Պետրոսյանը։

Վարչապետ Փաշինյանը նաև տարակուսանք էր հայտնել, թե ինչու են իրեն այս գործողությունների համար քննադատում նույն մարդիկ, որոնք իրեն ժամանակին քննադատում էին 44-օրյա կանխելու համար։ Նա ասում էր, որ ահա այս սահմանագծումը հենց առաջին քայլն է լեգիտիմ, օրինական սահման ունենալու և կանխելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը։

«Տեսականորեն անգամ հնարավոր չի։ Նախ հլը տեսեք տրամաբանությունը՝ սա սահմանազատում և սահմանագծո՞ւմ ա։ Կա՞ այդպիսի բան, կա՞ մի ինչ-որ միջազգային նորմ, որի համապատասխան էս գործառույթները արվում են, կա՞ ներպետական օրենսդրության համապատասխանություն։ Որևէ բան չկա, սա միակողմանի հանձնում ա», - Փաշինյանին հակադարձեց Պետրոսյանը։

Առայժմ անորոշ է, թե այստեղ ավարտելուց հետ հաջորդիվ ուր են գնալու սահմանագծման հանձնաժողովի ներկայացուցիչները, արդյո՞ք նրանք կհասնեն նաև վիճահարույց այն հատվածներին, որտեղ հայկական կողմն է տարածքներ կորցրել, մասնավորապես՝ Վարդենիսում, Ջերմուկում, և արդյո՞ք ադրբեջանական զինուժը հետ կքաշվի այդ տարածքներից։

Մինչև այժմ որևէ պայմանավորվածության մասին չի հաղորդվել։

«Իրենք պահանջներ են ներկայացրել՝ մինչև ստեղ ծավալվող գործողությունները, պահանջ էին ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, 300 քառակուսի կիլոմետրից պիտի դուրս գային; Դո՞ւրս են եկել էդ տարածքներից, հարց եմ տալիս՝ դո՞ւրս են եկել։ Իհարկե դուրս չեն եկել։ 31 բնակավայրերը հանձնե՞լ են Հայաստանին։ Ոչ, չեն հանձնել։ Կարգ որոշվա՞ծ է՝ ըստ էդ կարգի ինչ պետք է արվի։ Ոչ մի։ Սա միակողմանի զիջում է» , - ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ընդ որում, նաև խոսքը հենց Տավուշի մարզում հողերի մասին է, տարածքների մասին է, որոնք գյուղական նշանակության են, ցանքատարածքներ են, ինչպես Հայաստանի կառավարությունն է հայտարարել։

Դանիելյանը վստահ է, որ ադրբեջանական զինուժը հետ չի քաշվելու այդ տարածքներից։ «Նախ պետք է հետ քաշվեին, հետո սահմանազատմանը, սահմանագծմանը ունի գործընթաց, կարգ գոյություն ունի, էդ կարգը չի պահպանվում; Պետք է սկզբից սահմանազատում լինի, հետո սահմանագծում լինի, բայց չկա էդ գործընթացը։ Ադրբեջանը, նաև էսօր իրենք հայտարարում են, որ «մենք նոր տարածքներ ենք ձեռք բերում», - պնդեց ընդդիմադիր պատգամավորը։

Ի դեպ, օրվա ընթացքում այս ճանապարհով շատ են անցնում Պաշտպանության նախարարության տարբեր տեսակի մեքենաներ։ Առայժմ, սակայն, հստակ տեղեկություններ չկան՝ արդյո՞ք ականազերծման աշխատանքներ երեկ և այսօր իրականացվել են։ Ընդդիմադիր գործիչներն ասում էին, որ ըստ իրենց տեղեկությունների, սակրավորները երեկ արդեն եղել են գյուղում և ինչ-ինչ աշխատանքներ իրականացրել են։

Տեղում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել։ Ոստիկանական պատնեշը պարբերաբար բացվում է, երբ այստեղով անցնում են Պաշտպանության նախարարության պետհամարանիշով մեքենաները։ Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով՝ սակրավորները գյուղում են, և ականազերծման ինչ-ինչ աշխատանքներ երեկ արվել են։

  • Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ են այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
  • Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
  • Նախքան ոստիկանական գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ Նրանք համոզմունք էին հայտնում, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG