Մոլդովան պատրաստվում է նախագահական ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլին: Հետխորհրդային երկրի քաղաքացիները կիրակի օրն ի վերջո կորոշեն ով է նախագահելու երկիրն առաջիկա չորս տարիներին՝ 57-ամյա նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլո՞ն, ով համարվում է ռուսամետ թեկնածու, թե՞ գործող նախագահ, Հարվարդի շրջանավարտ 52-ամյա Մայա Սանդուն, որն իր քաղաքական կարիերայի գլխավոր նպատակը համարում է Մոլդովան եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելն ու Ռուսաստանի ավանդական ազդեցությունից ձերբազատվելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խորացող անորոշություն»՝ Մոլդովայում ընտրություններից և հանրաքվեից հետոԱրդարության խոստումով նախագահի պաշտոնին ձգտող ընդդիմության գլխավոր թեկնածուն ինքն է մեղադրվում մի շարք կոռուպցիոն գործերում, բայց երդվում է փրկել 2.6 միլիոն բնակչություն ունեցող երկիրը «հերթական քառամյա կործանումից»։
Ստոյանոգլոյին աջակցում է ռուսամետ ընտրազանգվածը՝ ի դեմս Ռուսաստանի հետ կապերի խորացման օգտին հանդես եկող Սոցիալիստների կուսակցության, որոնց շնորհիվ էլ 26 տոկոս քվեներով հասել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։
Թեև ընտրությունների առաջին փուլում գործող նախագահը մեկուկես անգամ ավելի շատ քվե էր ստացել, այդուհանդերձ կիրակնօրյա քվեարկության արդյունքները համարվում են չափազանց անկանխատեսելի։ Նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցած թեկնածուներից շատերն իրենց աջակիցներին կոչ են արել ձայն տալ Ստոյանոգլոյին, թենկածուներից որևէ մեկը՝ այդ թվում եվրոպամետներից, գործող նախագահի կողքին կանգնելու պատրաստակամություն չի հայտնել։
Սանդուի անցած տարիների պաշտոնավարումն ուղեկցվել է մի շարք դրամատիկ ու ողբերգական իրադարձություններով՝ կորոնավիրուսի համաճարակ, էներգետիկ ճգնաժամ, սահմանակից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմ:
Այս պայմաններում Քիշնևին չի հաջողվել կյանքի կոչել գլխավոր խոստումները՝ դատական բարեփոխումներից մինչև տնտեսական պայմանների բարելավում։
Եվ ի տարբերություն 2020 թվականի, երբ Սանդուն համոզիչ հաղթանակ տարավ՝ դառնալով երկրի առաջին կին նախագահը, նա այժմ հաղթելու նույնքան շանսեր ունի, որքան քաղաքականության մեջ նորահայտ իր մրցակիցը, որին տարատեսակ կասկածելի գործարքներում, Մոսկվայի հետ կապեր ունենալու մեջ է մեղադրում և պնդում, որ ընդդիմության թեկնածուն «տրոյական ձի» է, որի օգնությամբ այլոք ցանկանում են կառավարել երկիրը:
«Մոլդովայի և ոչ մի քաղաքացի չի ցանկանում, որպեսզի իրեն կառավարեն նրանք, ովքեր թալանել են պետությունն ու քաղաքացիներին, նրանք, ում դեմ մենք պայքարել ենք և կարողացել ենք հեռացնել իշխանությունից։ Այժմ նրանց հաջողվել է գտնել մի ֆասադ, որի հետևում թաքնված են՝ իշխանության վերադառնալու և պետության ռեսուրսները կրկին վերահսկելու համար։ Բայց այս մարդիկ նույնպես օգտագործվում են։ Նրանց փողի ծարավը, վրեժխնդրության ծարավը շահագործում են տարածաշրջանային և ավելի մեծ շահերի ուժերը», - պնդում է Սանդուն:
Ստոյանոգլոն հերքում է մեղադրանքները, հավաստիացնում, որ իր նպատակը «բալանսավորված արտաքին քաղաքականությունն է՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ»։
«Ես վճռականորեն եմ տրամադրված այնպիսի Մոլդովա կառուցելու գործում, որտեղ յուրաքանչյուրի ձայնը լսելի կլինի, և յուրաքանչյուր համայնք աջակցություն կստանա։ Ես վերջ կդնեմ տարաձայնություններին և կառաջարկեմ իրական եվրոպական մոդել, որտեղ պետությունը կծառայի քաղաքացուն, այլ ոչ թե քաղաքական շահերին», - վստահեցնում է Ստոյանոգլոն:
Գագաուզիայի հարավային ինքնավար մարզում ծնված Ստոյանոգլոն թուրքական ծագում ունեցող ուղղափառ փոքրամասնության ներկայացուցիչ է։ Հոկտեմբերի 20-ին անցկացված հանրաքվեում Գագաուզիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկել Եվրամիությանն անդամակցությանը։ Նախագահի թեկնածուն հավաստիացնում է՝ կողմ է եվրոպական դաշինքին միանալուն, բայց հանրաքվեն համարելով Սանդուի նախընտրական շտաբի քարոզչական գործիք՝ բոյկոտել է քվեարկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի ՍԴ-ն հաստատել է հանրաքվեի արդյունքներըՉնայած այս հավաստիացումներին՝ ընդդիմության թեկնածուի ասածներում հաճախ երկիմաստություններ կան. մի կողմից՝ նա հերքում է Մոսկվայի հետ կապերը, մյուս կողմից՝ Մոլդովայում հիշում են, որ օրենսդիր եղած ժամանակ Ստոյանոգլոն հրաժարվել է դատապարտել կոմունիզմի դաժանությունները, մի կողմից՝ աջակցում է Կիևին Ռուսաստանի դեմ պատերազմում, հանդես է գալիս Մերձդնեստրից ռուսական զորքի շուտափույթ դուրսբերման օգտին, մյուս կողմից՝ խուսափում է հրապարակավ դատապարտել Մոսկվայի հարձակումը հարևան երկրի դեմ։
Եվս մեկ գործող անձ, որի ազգանունը, ճիշտ է, բացակայում է քվեաթերթիկում, չափազանց մեծ ազդեցություն կարող է ունենալ առաջիկա ընտրությունների վրա. Իլան Շոր, 37-ամյա օլիգարխ, որը Մոդովայից փախուստի է դիմել և թաքնվում է մոլդովական արդադատությունից «դարի կողոպուտի» հայտնի գործով։
Շորը Ռուսաստանում է բնակվում, ըստ Մոլդովայի իրավապահ մարմինների՝ նա իր հանցակիցների օգնությամբ երկրում ստեղծել է քվեների առք ու վաճառքի մեխանիզմ, որի օգնությամբ կարող է քվեատուփ նետել իրեն ձեռնտու հազարավոր քվեաթերթիկներ։
Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է, իսկ նախագահը բավականին սահմանափակ լիազորություններ ունի, և այդ պաշտոնը համարվում է խորհրդանշական: Բայց Սանդուի պարագայում այլ է՝ նրա կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում խորհրդարանում ստացել է կայուն մեծամասնություն, և նա համարվում է երկրի թիվ մեկ քաղաքական գործիչը, որը փաստացի վերահսկում է կառավարությունը նախագահական պալատից: Եվ Մայա Սանդուի պարտությունը կարող է լուրջ հարված լինել նրա քաղաքական ճամբարին հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։