Մատչելիության հղումներ

Մոլդովայում, ըստ իրավապահների, պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում

Լրացված

Մոլդովայում կայանալիք նախագահական ընտրություններից և Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեից երկու օր առաջ իրավապահները հայտարարում են, որ պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում երկրում։

Ըստ ոստիկանության՝ Մոլդովայից պարբերաբար Ռուսաստան մեկնած երիտասարդների մոտ 300 հոգանոց խումբը հեղաշրջման դասընթացներ է անցել՝ ինչպես պառակտել ժողովրդին, ապակայունացնել սահմանադրական կարգը։ Սովորել են օգտագործել ոչ մահաբեր զենքեր, անօդաչու թռչող սարքեր և ինքնաշեն պայթուցիկ նյութեր։

Իրավապահների հրապարակած տեսանյութում գաղտնի նկարահանումներ են, երիտասարդները բողոքի ակցիա են բեմադրում, թե ինչպես պետք է խափանեն եվրոպամետ ուժերի հավաքը, պարբերաբար վանկարկում՝ «մեր լեզուն ռուսերենն է», «մենք չենք ուզում գնալ Եվրոպա» և այլն։

«Ռուսերենը ամենալավ լեզուն է։ Մոլդովան ինքնուրույն որևէ բան չի որոշում։ Պետք է վտարենք այս ամերիկյան կեղտը մեր երկրից։ Պետք է փրկել մեր երեխաներին», - այս տեսարանները ենթադրաբար նկարահանված են Բալկաններում՝ Սերբիայում, Բոսնիայում, որտեղ ըստ Մոլդովայի ոստիկանության, մոլդովացիների ավելի փոքր խումբը «Վագներ»-ի ուսումնական ճամբարում սովորել է պայթուցիկներ պատրաստել, դիմադրել ուժայիններին։

Քիշնևում հրավիրած ասուլիսում իրավապահ կառույցների ղեկավարները հայտարարել են, որ երիտասարդների այցերը Մոսկվա ֆինանսավորել է Մոլդովայից փախուստի դիմած ռուսամետ օլիգարխ Իվան Շորը, ցուցադրվել են հեղաշրջման դասընթացների մասնակիցների լուսանկարները նրա հետ։

Շորը թեև չկարողացավ մասնակցել այս ընտրություններին, բայց նրա ազդեցությունը մեծ է Մոլդովայի քաղաքական կյանքում։ Ավելի վաղ էլ իրավապահները հայտնել էին, որ նա Ռուսաստանից 15 միլիոն դոլար է Մոլդովա ուղարկել՝ մոտ 130 հազար ընտրողների ձայներ գնելու համար։

Ինքը Շորը, որ այժմ թաքնվում է իրավապահներից, հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման հանցավոր սխեմայով մոլդովական բանկերից 1 միլիարդ դոլար գողանալու համար։ Մոլդովայում սա համարում են դարի թալանը, հետխորհրդային ամենաաղքատ երկրներից մեկում 1 միլիարդ դոլարը համախառն ներքին արդյունքի 12 տոկոսն է։

«Մեկն ընդդեմ տասի»

Կիրակի կայանալիք նախագահական ընտրությունները վերլուծաբաններն անվանում են «մեկն ընդդեմ տասի». Մոլդովայի եվրաինտեգրման կուրսն առաջ տանող գործող նախագահ Մայա Սանդուն ընտրապայքարի մեջ է ռուսամետ տասը թեկնածուների դեմ։

Տարբեր հարցումներ վկայում են, որ նա բացահայտ առաջատարն է, ունի ավելի շատ քվե, քան մյուս 10 թեկնածուները միասին։ Սակայն սա դեռ չի երաշխավորում Սանդուի հաղթանակը առաջիկա կիրակի. Քիշնևում հավանական են համարում ընտրությունների երկրորդ փուլը։ Ինտրիգն ավելի շատ վերաբերում է հնարավոր հետընտրական զարգացումներին։

Այս գործում իր դերը կարող է ունենալ նաև նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը իրեն համարում է Պուտինի լավ բարեկամը, նա ևս անձամբ չի առաջադրվել, կուսակցության թեկնածուի շանսերն էլ բարձր չեն, սակայն Ռուսաստանին Դոդոնի անվերապահ վստահությունը լրագրողներին ստիպում է մտածել, որ նա ևս դեմ չի լինի հեղաշրջման սցենարին։

Մոլդովայի նախկին նախագահը հրաժարվում է ասել, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա. - «Ուկրաինայում պատերազմ է, դա ողբերգություն է»։

Լրագրողի հարցին՝ «ո՞վ է սկսել պատերազմը, ո՞վ է զորքեր մտցրել Ուկրաինա, ես ուզում եմ ստանալ պարզ հարցի պատասխանը՝ ո՞վ է հարձակվել Ուկրաինայի վրա», Դոդոնը պատասխանել է. - «Նորից նույն երգը, արդեն 25-րդ անգամ»։

Մինչ Հայաստանում ստորագրություններ են հավաքում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով, Մոլդովայում այս կիրակի նախագահական ընտրություններին զուգահեռ նաև այդ հանրաքվեն է։ Բրյուսելը Քիշնևին պաշտոնապես շնորհել է դաշինքի թեկնածու անդամի կարգավիճակ։

Մինչև այժմ անցկացված հարցումներով ընտրողների կեսից ավելին կողմ է Եվրամիությանը Մոլդովայի անդամակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG