Դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար անցկացվելիք փրայմըրիզին կմասնակցեն Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը։
Թեկնածուների անունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, իսկ որոշումը կայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեկվա նիստում։
Թեկնածուներն այսօրվանից կարող են քարոզչություն իրականացնել, իսկ նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին Փաշինյանը կնշանակի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:
Իշխող ուժը դեռ չի բացահայտել, թե ինչ կարգով են փրայմըրիզն անցկացնելու Գյումրիում։ Գործադիրի ղեկավարն այսօր նաև ասել է, որ քվեարկության կարգի մասին լրացուցիչ կտեղեկացնի։
Ավելի քան մեկ ամիս Գյումրին անիշխանության է մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց հենց Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել. ովքե՞ր են ընտրելու քաղաքապետի պաշտոնակատարին
Առավել մանրամասն տե՛ս այստեղ