Ոչ հաստատուն կարգավիճակ. Սիրիայում ռուսական ռազմաբազաների ներսում
Ռուս օդաչու Ռոման Ֆիլիպովի հիշատակի միջոցառումը Սիրիայի Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող Հմեյմիմ ավիաբազայում 2023 թվականի փետրվարին:
Իր դաշնակից, նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ դեկտեմբերի 13-ին արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը, կարծես, Հմեյմիմ ավիաբազայից ռազմատեխնիկա է դուրս բերում։
Սիրիայի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս նավահանգստում տեղակայված Ռուսաստանի ռազմածովային օբյեկտը՝ արբանյակի պատկերմամբ, 13-ը դեկտեմբերի, 2024թ.։
Հաղորդվում է, որ Կրեմլը ռուսական ռազմաբազաների ապագայի շուրջ բանակցություններ է վարում (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված) «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինյալ խմբավորման հետ, որն այժմ փաստացի իշխանություն է Սիրիայում։
Ռուսական սրճարանի աշխատողը սեղաններն է պատրաստում Հմեյմիմ ավիաբազայում, հոկտեմբեր, 2015թ.։
Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի հետազոտության բաժնի ղեկավար Ռոբերտ Հեմիլթոնը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հնարավոր է՝ Սիրիայի նոր ղեկավարները չհանդուրժեն իրենց երկրում այն ռազմաբազաների առկայությունը, որտեղից Ռուսաստանը «տարիներ շարունակ հարձակումներ է իրականացրել «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի, այլ ընդդիմադիր խմբերի և սիրիացի խաղաղ բնակիչների վրա» սիրիական քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում։
Ռուս ռազմական ոստիկանը պարեկություն է իրականացնում Հմեյմիմ ավիաբազայում 2016-ի մարտին։
Հեմիլթոնի կարծիքով՝ դեռ պետք է պարզել, թե արդյոք Ռուսաստանի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի միջև բանակցությունները «առնչվում են Սիրիայից ռուսական ուժերի կանոնավոր դուրսբերման ապահովմանը, թե՞ երաշխավորելու Ռուսաստանին այնտեղ իր ռազմաբազաները պահպանելու վերաբերյալ»:
Ռուսական զորքերը երթով անցնում են ուղղափառ քահանայի մոտով Հմեյմիմ ավիաբազայում 2018 թվականի ապրիլին: Զինվորները կրում են ավազի գույնի ռուսական համազգեստ, որը տրվել է Սիրիայում տեղակայված որոշ զինծառայողների:
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Բեն Դուբոուն «Ազատությանն» ասել է, որ Ռուսաստանի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի միջև ընթացիկ բանակցությունները կարող են հանգեցնել «շատ կրճատ ռուսական ներկայության» սիրիական բազաներում՝ համեմատած Ասադի իշխանության օրոք՝ ակտիվ մարտական փուլի ժամանակ Ռուսաստանի ունեցած ներկայության հետ։
Ռուս կին զինծառայողները Հմեյմիմ ավիաբազայի խանութում, փետրվար, 2016 թվական։
Դուբոուն նկատում է, որ Մոսկվան կարող է բանակցել Սիրիայում կրճատված ներկայության շուրջ՝ «շարունակելու ունենալ կենսական տարանցիկ կայաններ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հզորության համար»:
Ռուս զինվորները Հմեյմիմ ավիաբազայում ուղղափառ եկեղեցու խաչի կողքով անցնելիս՝ 2018 թվականի ապրիլին:
Հմեյմիմ ավիաբազան ռուսական ռազմական ինքնաթիռների կենտրոնն է եղել 2015 թվականից, երբ Կրեմլը իր զորքերը մտցրեց Սիրիա՝ երկրի քաղաքացիական պատերազմում Ասադի ուժերին աջակցելու համար:
Ռուս նավաստին քվեարկում է 2024 թվականի մարտի նախագահական ընտրություններում Պետրոս Առաջինի դիմանկարի մոտ՝ Տարտուսի ռազմածովային օբյեկտում։
2017 թվականին Ռուսաստանը Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուս ռազմածովային օբյեկտի 49 տարվա վարձակալության մասին պայմանագիր է կնքել։ Տարտուսի օբյեկտը հիմնվել է Խորհրդային Միության կողմից 1971 թվականին։ Այդ համաձայնագրերն անիմաստ են դարձել Սիրիայում Ասադի իշխանության փլուզումից հետո։
Ռումբով բեռնված Սու-25 ինքնաթիռ Հմեյմիմ ավիաբազայում, դեկտեմբեր, 2015 թվական։
Ռուսաստանի հետ վարձակալության պայմանագիրը պարտավորեցնում էր Ասադի զինվորականներին պաշտպանել Հմեյմիմ ավիաբազայի շրջանը՝ միաժամանակ Մոսկվային իրավասություն տալով ներսում գտնվող օբյեկտների նկատմամբ: Սիրիայի նոր կառավարիչներից բանակցությունների միջոցով պարագծային այս պաշտպանության վերաբերյալ համաձայնություն ստանալը կենսական նշանակություն կունենա ռուսական բազաների համար՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համար անխոցելի՝ մետաղալարով կառավարվող անօդաչու թռչող սարքերի դարաշրջանում։
Տարտուսում խարսխված ռուսական կորվետը՝ 2019 թվականի սեպտեմբերին։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը դեկտեմբերի 13-ին ռուսական լրատվամիջոցներին ասել է. «Այլ որոշումներ այս պահին չեն կայացվել»։
Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան կանգնած է մատուռի ներսում Տարտուսի ռազմածովային օբյեկտում, սեպտեմբեր, 2019թ.։
Դեկտեմբերի 13-ին հրապարակված բրիտանական հետախուզության զեկույցը կապում է Ասադի ռեժիմի փլուզումը և դրա հետեւանքով Ռուսաստանի սիրիական բազաների երերուն կարգավիճակը Կրեմլի Ուկրաինա ներխուժման հետ։
Ռուս զինծառայողների շարքը Հմեյմիմ ավիաբազայի թռիչքուղու երկայնքով՝ 2016 թվականի մարտին։
Բրիտանական հետախուզության զեկույցում նշվում է նաև, որ «Ռուսաստանի կողմից ուկրաինական հակամարտությանն առաջնահերթություն տալը նվազեցրեց Ասադի ռեժիմը իշխանության մեջ պահելու Ռուսաստանի կարողությունը»։