Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել Սարամեջ գյուղի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և թեթև վնասվածքներ պատճառելու համար։
Անցած տարվա մայիսին էր՝ Սպիտակի համայնքապետը վարչական ղեկավար Թամարա Մինասյանից պահանջել էր աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել՝ վարչական ղեկավարի կողմնակիցներ ու հակառակորդներ կային։ Բողոքի ալիքը մեծացել ու մարզպետարան էր հասել։ Դրանից հետո համայնքի ղեկավարը գյուղ այցելեց, բայց կրքերը հանդարտվելու փոխարեն ավելի շիկացան։
Նրա այցից երկու օր անց համայնքապետի որդին, որ հոր հետ Սարամեջ էր գնացել գյուղացիների բողոքների հետևից, որոշել էր անձամբ հաշիվ մաքրել հորից դժգոհ վարչական ղեկավարից։ Նրա ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին, հանդիպել էր Սպիտակի թաղամասերից մեկում ու ծեծել՝ վնասվածքներ պատճառելով։
Դեպքից հետո վարչական ղեկավարը բողոքեց՝ իր անմիջական ղեկավարի՝ համայնքապետի որդին ու ևս մի խումբ անձինք ուշ երեկոյան տուն վերադառնալիս ծեծել էին ամուսնուն։ Նա «աջ նախաբազկի, աջ բազկի, կրծքավանդակի, ողնաշարի արբանային հատվածի, ձախ ազդրի, աջ քունքային շրջանի արյունազեղումների ձևերով մարմնական վնասվածքներ» էր ստացել. փորձաքննությունն էր հաստատել։
Քրեական գործ հարուցվեց։ Չնայած Գոռ Նիկողոսյանը մեղավոր ճանաչվեց հենց խմբակային ծեծի հոդվածով, բայց հրապարակված դատավճռից երևում է, որ ոչ քննիչները, ոչ էլ դատարանն այդպես էլ չեն պարզել՝ ովքեր են եղել, որ Գոռ Նիկողոսյանի հետ ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Էդգար Հովհաննիսյանին։
Դատական գործում միայն այդպես էլ անձը չպարզված երկու հոգու մասին է նշված, չնայած դեպքից հետո տուժած Էդգար Հովհաննիսյանն ու իր կինը՝ Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, պնդում էին, որ խմբակային ծեծին միայն երկու հոգի չի մասնակցել, այլ՝ առնվազն 10։ Անուններ չէին տալիս, բայց համայնքապետարանի աշխատակիցների, այդ թվում՝ պաշտոնյաների անուններ էին շրջանառվում, որ այդպես էլ քրեական գործում չերևացին։
Այսօր արդեն Թամարա Մինասյանն ասաց՝ չի ուզում խոսել։ Մեղքն ընդունած ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Գոռ Նիկողոսյանը հատուցել է պատճառված 230 հազար դրամի վնասը։ Դրանից հետո, ըստ դատարանի, տուժողը նշել է, որ բողոք և պահանջ չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Տուժողը չի բողոքում»․ Լոռու մարզպետը հրաժարվում է որևէ գնահատական տալ Սարամեջի ղեկավարի ամուսնու ծեծի դեպքինՉի եղել բացարձակ ոչ մի վիճաբանություն. Սարամեջի վարչական ղեկավարը հերքում է ՔԿ-ինՁերբակալվել է Սպիտակ համայնքի ղեկավարի որդինՍարամեջի բնակիչները դժգոհ են. գյուղում կրքեր են բորբոքվելՎարչական ղեկավարն այսօր ասաց՝ աշխատում է, ու որ դեպքից հետո՝ անցած մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվելու պահանջ իր վերադասից՝ համայնքի ղեկավարից, չի լսել։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նաև գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սպիտակի տարածքային կառույցը։ Որդին՝ հոր ենթակայի ամուսնուն ծեծած Գոռ Նիկողոսյանն էլ անցած տարի, այս դեպքից ամիսներ անց պաշտոն է ստացել «Հայփոստ»-ում՝ Սպիտակի մասնաճյուղի տնօրենն է։ Այս կառույցն ավելի վաղ՝ 13 տարի ղեկավարել էր իր հայրը, որ արդեն երեք տարի Սպիտակի ղեկավարն է։
Կրտսեր Նիկողոսյանի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո՝ անցած տարեվերջին, Սպիտակի ավագանին որոշել էր համայնքի բյուջեից փոխհատուցել «Հայփոստ»-ի տեղի բաժանմունքներում աղբահանության վարձավճարի միջնորդավճարները։ Սպիտակում տարեկան մոտ 35 միլիոն դրամի աղբահանության գումար է վճարվում։ Այսինքն՝ հոր ղեկավարած համայնքապետարանն ամեն տարի որդու ղեկավարած կառույցին կարող է փոխանցել մոտ 2 միլիոն դրամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«46 հազար դոլարը ծառայողական մեքենայի համար շատ է». Սպիտակի համայնքապետի նոր մեքենանՍպիտակի համայնքապետը քաղաքի օրվա առթիվ պարգևատրել է իրեն ու 9 աշխատողի՝ աշխատավարձի 100 տոկոսի չափովՍպիտակի ղեկավարի որդու՝ «Հայփոստ»-ի բաժանմունքի տնօրեն նշանակվելուց հետո ավագանին որոշել է «Հայփոստ»-ին միջնորդավճար փոխհատուցել