Սպիտակի համայնքապետը քաղաքի օրվա առթիվ պարգևատրել է իրեն ու 9 աշխատողի՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով

Սպիտակ քաղաք, Լոռու մարզ, արխիվ

Սպիտակի համայնքապետը քաղաքի օրվա առթիվ օրերս պարգևատրել է իրեն ու իր 9 ենթականերին։ 10 հոգանոց պարգևատրվածների ցուցակում համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է և երեք պահակ, երկու հավաքարար, երկու տնտեսվար, մեկ էլեկտրիկ ու մեկ վարորդ։

Ինչո՞ւ քաղաքի այս կարևոր տոնին համայնքի ղեկավարի ուշադրությանը միայն ինքն ու տեխնիկական 9 աշխատողներն են արժանացել՝ պահակից մինչև տնտեսվար։ Աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանն ասում է՝ մշակութային այս տոնին համայնքի ղեկավարն է որոշել ամենաշատ աշխատածներին։

«Տեխնիկական աշխատանքներն իրականացրած ավելի շատ նրանց վրա էր բեռը, և համայնքի ղեկավարը, որ այդ ամբողջ միջոցառման պատասխանատվությունը, զուտ այս ֆոնի վրա դրված էր իր վրա», - ասաց նա։

Բոլոր տասը աշխատողներն իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով են ստացել լրավճարը։ Համայնքի ղեկավարը, բնականաբար, տեխնիկական աշխատողներից մինչև 5 անգամ ավելի։ Պահակի աշխատավարձը 115 հազար է, համայնքի ղեկավարինը՝ 570 հազար։

Աշխատակազմի ղեկավարն այստեղ ոչ մի անարդար բան չի տեսնում։ Ասում է՝ համայնքապետը նախատեսել է սրանից հետո պարբերաբար դարձնել 100 տոկոսանոց լրավճարները։ Թե ինչու է հենց լրավճարների առաջին ցուցակը համայնքի ղեկավարը գլխավորում, Սպիտակի համայնքապետարանում էլի խնդիր չեն տեսնում։ Մյուսներն էլ կստանան, ասում է Ազգանուշ Ֆրանգյանը։

«Ու պայմանը, որ մի անգամ արդեն ստացածն երկրորդ անգամ այս մի պայմանով չի ստանա. այնպես ստացվի, որ բոլորը մեկական անգամ ստանան։ Լրավճար ստացել էին հունվարի 28-ի կապակցությամբ բոլոր տղամարդիկ, մարտի 8-ի կապակցությամբ՝ բոլոր կանայք», - հավելեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարող է 2 տարի հետո պատգամավոր չլինեմ ու 50 հազար դոլար պարտքս մնա». ՔՊ պատգամավորը պարգևավճարից չի հրաժարվի

Բայց, այս լրավճարների երեք ցուցակների դեպքում մի մեծ տարբերություն կա՝ քիչ է՝ համայնքի ղեկավարն ի տարբերություն մյուսների, բացառության կարգով արդեն երկու անգամ է լրավճար ստացել, նաև գումարի չափն է անհավասար։ Բանակի օրն ու Կանանց միջազգային տոնին Սպիտակի համայնքապետարանի 74 կանայք ու 73 տղամարդիկ ընդամենը մինչև 13 հազարական դրամ են ստացել՝ աշխատավարձի մինչև 10 տոկոսի չափով, իսկ քաղաքի տոնին պարգևատրված 10 աշխատակիցները, այդ թվում՝ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, աշխատավարձի 100 տոկոսի չափով են լրավճարի արժանացել։ Համայնքի ղեկավարի դեպքում գումարը ավելի քան կես միլիոն դրամ է։

Սպիտակ համայնքի ավագանու անկախ անդամ Համլետ Մազմանյանը զավեշտալի է համարում, որ համայնքի ղեկավարը տոնի առթիվ խրախուսել է ինքն իրեն, գնահատել աշխատանքը, որի համար ընտրողները նրան ղեկավարի պաշտոնն են վստահել։

«Ուզում եմ՝ Սպիտակի հասարակությունը գնահատական տա, երբ աշխատակիցները մի տեղ պարգևատրվում են 13 հազար դրամով, ամեն դեպքում 10 հազարից ավելի դրամով, իսկ համայնքի ղեկավարն ինքն իրեն խրախուսելու համար տալիս է 570 հազար դրամ պարգևավճար։

Ունենք փաստացի 10 պարգևատրվածներ, 9-ի մասով ես դրական եմ վերաբերվում, բայց ուզում եմ հասկանալ՝ պրակտիկան ինչ է ցույց տալիս, համայնքի ղեկավարը խրախուսում է աշխատակիցներին, որ լավ աշխատեն, ավելի շատ նվիրվեն, հասկանան, որ գնահատված են, բայց հասկանանք՝ լավ, առաջինը իր անուն-ազգանունն է։ Ինքն իրե՞ն է խրախուսել», - նշեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել Արգիշտի Քյարամյանի համար

Այս ամիս Սպիտակի ավագանին ևս շռայլ է եղել համայնքապետի նկատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանի համար տեղական բյուջեի հաշվին 45 հազար դոլարանոց ամենագնաց էլէկտրամոբիլ են գնել։