Մատչելիության հղումներ

«Կարող է 2 տարի հետո պատգամավոր չլինեմ ու 50 հազար դոլար պարտքս մնա». ՔՊ պատգամավորը պարգևավճարից չի հրաժարվի


Ի՞նչ կանեին շարքային քաղաքացիները, եթե իրենք տնօրինեին պետական բյուջեն։ Ի՞նչն են այս պահին Հայաստանում ամենակարևորը համարում։ Իրենց վճարած հարկերն ի՞նչ առաջնահերթությամբ կծախսեին։

Մեզ հանդիպած քաղաքացիների համար առաջնայինը Հայաստանի անվտանգությունն էր, կարծում էին՝ պաշտոնյաների պարգևավճարներն էլ դրա վրա պետք է ծախսել։ Ազգային ժողովի նախագահը կարգադրել է պատգամավորներին ու Ազգային ժողովի բոլոր աշխատակիցներին պարգևատրել Սահմանադրության օրվա առթիվ։ Ազգային ժողովի լրատվականից փոխանցեցին՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Շարքային պատգամավորի, այսպես ասած, մաքուր աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է: Այս ամիս կստանա մեկ միլիոնից ավելի։

Այս անգամ քանի՞ միլիոն է հատկացվել պարգևավճարին, խորհրդարանից խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ։ Վերջին անգամ պատգամավորները պարգևավճար ստացել էին Ամանորի առթիվ։ Միաժամանակ 13-րդ աշխատվարձ էին ստացել։ Ամբողջ գումարը կազմել էր կես միլիարդ դրամից ավելի կամ ավելի քանի մեկ միլիոն դոլար։ Այդ ժամանակ խորհրդարանի խոսնակը վստահեցրել էր, թե դրանից հետո միայն Ամանորի ու անկախության տոների առթիվ կստանան։

«Պարգևավճարներն այսուհետ լինելու են սեպտեմբերի 21-ին և տարվա վերջում այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են», - հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում որոշել են պարգևավճարները ուղղել սոցիալական աջակցությանը։ Չեն մանրամասնել՝ ինչ են անելու ու ինչ կառույցների են փոխանցելու։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից հայտարարել են, որ ամբողջ պարգևավճարը բարեգործության համար կծախսեն։ Տիգրան Աբրահամյանն ու Հայկ Մամիջանյանը փոխանցելու են «Զինվորի տուն» հասարակական կազմակերպությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ հայտարարություն չկա։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը փոխանցեց՝ յուրաքանչյուրը կորոշի՝ ինչպես ծախսի։ Իսկ ի՞նչն է առաջնահերթ համարում իշխանական պատգամավորը։

«Ծախսերը շատ են մեծ ընտանիք ենք, բավարարում է, բայց հիմա մի քիչ ավելի ազատ կզգանք էս մի ամիսը», - նշեց Աղազարյանը:

«Ազատության» հարցին՝ «իսկ մեր երկրում կա՞ մի ոլորտ, որ ճիշտ կհամարեիք այնտեղ ուղղել գումարը», պատգամավորը պատասխանեց. - «Ոչ, ես ինքս շատ կարիք ունեմ գումարի ու ինձ հատկացված գումարից ոչ մի կոպեկ չեմ ուղղի, բացառությամբ այն դեպքերում, երբ խմբակցությունը որոշի այս կամ այն հարցի հետ կապված»։

Ի՞նչ է մտածում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը քաղաքացիների առաջարկի մասին, որ առաջնահերթը բանակը, զինվորը, պետության անվտանգությունն ու պաշտպանությունն են։

«Դե եթե քաղաքացիները երաշխավորեն, որ ինձ ևս 20 տարի կընտրեն, պատգամավոր, որ հիպոթեքս կվճարեմ, էդ դեպքում ես փողերը կուղարկեի իրենց ասած տեղը, բայց ես կարող է երկու տարի հետո պատգամավոր չլինեմ և 50 հազար դոլար պարտքը կմնա վրաս», - ասաց Աղազարյանը։

Ալեն Սիմոնյանը տարեվերջին խոստացել է՝ քանի դեռ ինքն է խորհրդարանի խոսնակը, պարգևավճարներ լինելու են. - «Դրանք լինելու են ամեն տարի, քանի դեռ ես Ազգային ժողովի նախագահն եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG