Մատչելիության հղումներ

Կառավարությունը 1 միլիարդ 38 միլիոն դրամ է հատկացրել ծառայողական նոր մեքենաների համար 


Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պահանջը սա էր՝ Հայաստանում պետք է 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։

Այժմ նրա ղեկավարած կառավարությունը միլիոններ է ծախսում պաշտոնյաների ծառայողական ավտոպարկը թանկարժեք մեքենաներով թարմացնելու համար։ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չորս օր առաջ գործադիրի նիստում որոշեց պետական բյուջեից 1 միլիարդ 38 միլիոն դրամ հատկացնել պետական գույքի կառավարման կոմիտեին նոր՝ 2024 թվականի արտադրության էլէկտրական ու հիբրիդային մեքենաներ գնելու համար։

49 ծառայողական մեքենա գնելու հարցը չզեկուցվողներից էր, չքննարկվեց, մյուս չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց։ Դրանք բոլորը «Վոլվո» մակնիշի են՝ ամենաթանկը «Վոլվո XC 90» է, սա ներկայացուցչական ամենագնաց է։ Մեքենաները պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը «Վոլվո»-ի ներկայացուցիչն է Հայաստանում։

«Ցանկացած քաղաքական ուժ, երբ գալիս է իշխանության, որոշ ժամանակ հետո այդ իշխանության համը երբ առնում են, սկսում են մոռանալ՝ ինչեր էին ասել, երբ իշխանության չէին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Ներկայացուցչական հիբրիդային երեք ավտոմեքենաներ բարձրաստիճան պաշտոնյաների համար են նախատեսված։ Որ պաշտոնյաներն ու որ գերատեսչություններն են, որ ունեն 2024 թվականի արտադրության էլեկտրական, հիբրիդային մեքենաների կարիքը՝ որոշման մեջ տեղեկություններ չկան։

«Մի բան էլ ինձ զարմացնում է, որ այդ որոշման մեջ որևէ կերպ արտացոլված չէ, դա շատ կարևոր կլիներ, որ պարզ լիներ, իսկ ո՞ւմ են դա հատկացնելու, այդ 49 մեքենաները, որովհետև մենք տեսնում ենք, որ կա 49 մեքենայի գնում, բայց հետո դրանք ովքեր են ստանալու, ինչ, և այդտեղից էլ կերևար, և ավելի կոնկրետ հարցեր կլինեին՝ դուրս գրվող կան մեքենաներ, թե ոչ», - հավելեց Վարուժան Հոկտանյանը։

Այս հարցի պատասխանը Ֆինանսների նախարարությունն էլ է փնտրել։ Որոշման ամփոփաթերթում կա նախարարության կարծիքը, թե ակնհայտ չէ՝ նախագծով ձեռքբերվող ավտոմեքենաները որ մարմինների համար են նախատեսված: Պետական գույքի կառավարման մամուլի խոսնակ Արաքս Առաքելյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե այս փուլում չեն կարող անուններ տալ։

«Եթե ես կոնկրետ կառույցների անուններ այս պահին նշեմ, հնարավոր է՝ տարվա վերջ դրանք փոխվեն, դրա համար այս պահին, քանի դեռ մատակարարումը չի ավարտվել, թե որ կառույցներին կբաշխվեն տվյալ մեքենաները, այս պահին չենք անդրադառնում», - նշեց նա։

Այդ դեպքում ինչպե՞ս է որոշվել, որ 49 մեքենայի կարիք կա, խոսնակն ասաց. - «Պահանջի գնահատում իրականացվել է, բայց առայժմ քանի մատակարարումը չի ավարտվել, բաշխում որպես այդպիսին չի կարող տեղի ունենալ»։

1 միլիարդ 38 միլիոն դրամ ինչո՞ւ են ծախսում, ծառայողական հին մեքենանե՞րն են նորով փոխարինում, որ դիզվառելիքից անցնեն էլեկտրական տարբերակի, թե՞ ծառայողականների պակաս կա, որ ուզում են լրացնել։ Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այդ հարցին առայժմ չեն կարող պատասխանել։ Գործադիրի որոշումից չի երևում՝ ինչու են էլեկտրամոբիլների անցել, շեշտում է հակակոռուպցիոն քաղաքականության փորձագետ Հոկտանյանը։

«Այստեղ միանշանակ սա շռայլություն կարելի է անվանել, և դժվար է հասկանալ, թե դա ինչով է բացատրվում, բայց եթե փոխարինում են էլեկտրամոբիլներով, էլեկտրամոբիլներ են բերում և դրա փոխարեն դուրս են գրում ներկայումս բենզինով, գազով աշխատող, ապա այստեղ մի փոքր այլ է իրավիճակը», - նշեց նա։

Ըստ պետգույքի կառավարման խոսնակի՝ նոր մեքենաների մատակարարումը կշարունակվի մինչև նոյեմբեր, և բացի այս մեկ միլիարդից, էլի գումար կհատկացվի, դեռ հայտնի չէ՝ որքան։ Իսկ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորության օրոք զարմացած էր Դանիայի խորհրդարանին գրած իր նամակի պատասխանով, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը։

«Կռուպնի գործ անող տղերքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն», - տարիներ առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG