Ոստիկանության, Գլխավոր շտաբի, Քննչական կոմիտեի ու այլ իրավապահ կառույցների մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են Հանրապետության տոնի առթիվ։ Նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատահական չի համարում՝ վարչապետի հրաժարականի պահանջով ցույցերի ու անհնազանդության ակցիաների օրերին ոստիկանության զորքերի հրամանատարի կոչումը բարձրացնում են։ Ըստ նրա՝ սա ուղերձ է, որ իշխանությունը գոհ է ոստիկանների գործողություններից։
«Առաջին հերթին դա խրախուսում է, որ այդպես էլ շարունակեք և բռնություն կիրառեք։ <> Բարձր ծափահարություններ, սա է։ Սա քաղաքական իրադարձությունների ֆոնին է՝ անվերապահ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանապետը փողոց փակողներին «լակոտ» անվանեց․ ձերբակալություններն ուղեկցվեցին բռնություններով
Նիկոլ Փաշինյանն, ըստ իրավապաշտպանի, ոչ մի նոր բան չի արել՝ այսպես էին նաև նրա նախորդները՝ իշխանության դեմ բողոքի ցույցերը ուժով ճնշող ոստիկաններն անպարգև չէին մնում։
«Ասենք՝ Վովա Գասպարյանը, էդ բռնություններն աննախադեպ կիրառում էին, մարդկանց ջարդում, փշրում, մեկ էլ տեսնում էինք՝ պարգևատրումներ էին ստանում։ Այդ ավանդույթը շարունակում է «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանը», - նշեց նա։
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից տուժել են ցուցարարներ, լրագրողներ ու օպերատորներ։ Երկու օր առաջ էլ բերետավորները քաշքշում ու հարվածում էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։
Ծառայողական քննություններ են նշանակվել, մինչ այս պահը միայն մեկ ոստիկանի լիազորություն է կասեցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատգամավորի հետ միջադեպի առնչությամբ դադարեցվել են ոստիկանի լիազորությունները
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ մինչև անցած տարի ներգրավված էր ոստիկանության բարեփոխումների աշխատանքում և անձամբ ճանաչում է Հայկ Բաբայանին, կարծում է, որ այս կոչմանը նա արժանի է, և սա քաղաքական նպատակներով չէ։
«Մարդ է, ով որ բավական ռեֆորմներին տրամադրված է, և ինքն էլ ուզում է փոխել ոստիկանության համակարգը և ոստիկանության ուժային համակարգն այնպես, որ ցուցարարների նկատմամբ ավելորդ, անտեղի բռնություններ չլինեն», - ասաց նա։
Իոաննիսյանը համաձայն է՝ կան դեպքեր, որ բարձրագույն իշխանության պարգևները ուղերձ են, որ, իր ձևակերպմամբ, օրհնում են ցուցարարների դեմ բիրտ ուժը, բայց ըստ նրա՝ սա այդ դեպքը չէ։
Պարգևատրվել են նաև Քննչական կոմիտեի պաշտոնյաներ։
Իրավակարգի ու օրինական գործում ներդրած ավանդի համար առաջին աստիճանի մեդալով է պարգևատրվել Երևանի քննչականի պետը։ Ազատ Գևորգյանի անունը լրահոսում ակտիվ էր հատկապես անցած տարի, երբ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ահազանգել էր, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը ծեծել են իրեն, էլեկտրաշոկով փորձել տեղեկություններ կորզել։ Քննչական կոմիտեն հերքել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչականում ենթադրյալ խոշտանգումների գործով զարգացումներ չկան
Տավուշում սահմանազատման այս փուլի ավարտից հետո հանրապետության նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել նաև Տավուշում տեղակայված երրորդ բանակային կորպուսի ղեկավար Ալեքսանդր Ցականյանին։
Գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Պետրոսյանն էլ է գեներալ-մայորի կոչումով պարգևատրվել։ Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբում։ Նա այն պաշտոնյան է, ում մեքենան, ըստ «Սիվիլնեթի»-ի հետաքննող լրագրողների, ապրիլին մգեցված ապակիներով փորձել էր մտնել Կիրանց։ Սահմանազատման դեմ պայքարող քաղաքացիներն արգելափակել էին մուտքը, տեղում բախումներ էին սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։