Դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դադարեցվել են ոստիկանի լիազորությունները։
«Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները», - հաղորդում է ՆԳՆ-ն։
Մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ այսօր Դաշնակցության գրասենյակի մոտ քաշքշել, հարվածել էին պատգամավորին։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր, որ երբ Սիմոնյանը դուրս է եկել գրասենյակից, կարմիր բերետավորները առանց որևէ առիթի ու պատճառի հարձակվել են նրա վրա։
Ներքին գործերի նախարարությունից չեն հստակեցնում, թե միջադեպն ինչից է ծագել։