Սիրիայի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ, Սիրիայում Բաշար Ասադին տապալելուց հետո իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու-Մոհամադ ալ-Ջուլանիի հետ Դամասկոսում հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Հաքան Ֆիդանն ասել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքը երկրի հյուսիսում գործող քրդական ուժերն են, որոնք «օկուպացրել են Սիրիայի տարածքը և շահագործում են երկրի բնական պաշարները»։ Ֆիդանն իր ելույթում, սակայն, չի հիշատակել Սիրիայի հյուսիսում գտնվող այն շրջանների մասին, որոնք Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ են։
Your browser doesn’t support HTML5
Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Սիրիայում հնարավոր է վերականգնել կայունությունը, վերացնել ահաբեկչության սպառնալիքը և ուժեղացնել տնտեսությունը: Իսկ դրա համար սիրիական պետությունը պետք է ոտքի կանգնի իր բոլոր գործառույթներով։ Հաքանը նաև շեշտել է միջազգային պատժամիջոցները վերացնելու կարևորությունը:
Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին իր հերթին ասել է, որ իրենց առաջնահերթություններից է զենքի շրջանառությունը վերահսկելը:
Your browser doesn’t support HTML5
Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուց հետո Սիրիայի նոր իշխանություններն արդեն անցումային կառավարության անդամներ են նշանակում: Օրերս Ասադ Հասան ալ-Շիբանին նշանակվել է արտաքին գործերի նախարարի, իսկ Մուրհաֆ Աբու Քասրանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, երկուսն էլ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ներկայացուցիչներ են:
Ալ-Ջուլանին շարունակում է Արևմուտքին կոչ անել հանել Սիրայի նկատմամբ պատժամիջոցները և իր ղեկավարած խմբավորումը հանե ահաբեկիչների ցանկից: Այս ընթացքում արևմտյան մի շարք պատվիրակություններ են արդեն հասցրել լինել Դամասկոսում ու հանդիպել Սիրիայի փաստացի ղեկավարի հետ: