Սիրիան առանց Ասադի․ օր առաջին

Սիրիայի մայրաքաղաքը Դամասկոսը

Իշխանափոխությունից հետո առաջին գիշերը Սիրիայի մայրաքաղաքում անցել է առանց լուրջ միջադեպերի։ Գործնականում առանց մեկ կրակոցի անգամ Դամասկոսը գրաված իսլամիստ զինյալները այժմ տեղակայված են քաղաքի կարևորագույն տրանսպորտային հանգույցներում և կառավարական շենքերի հարևանությամբ։

Քաղաքում, սակայն, կյանքը դեռ ամբողջությամբ բնականոն հուն չի մտել, մի շարք շրջաններում հացի և վառելիքի հերթեր են։

Իսկ 2000 թվականից երկիրը կառավարող և 13 տարի շարունակված քաղաքացիական պատերազմի ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով իր իշխանությունը պաշտպանած Բաշար Ասադը Մոսկվայում է։ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը այս մասին հայտնեց կիրակի ուշ երեկոյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուլյանովը հաստատել է՝ Ասադն ու նրա ընտանիքը Մոսկվայում են

Ով է՞ փոխարինելու Ասադին

Այս հարցի պատասխանը դեռ չկա։ Փաստացի իշխանությունն այժմ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ձեռքում է։ Դրա առաջնորդ Աբու Մոհամեդ Ալ-Ջուլանին Դամասկոս ժամանեց նախօրեին:

Դիմելով աշխարհի հնագույն իսլամական սրբավայրերից մեկում՝ Օմայանների մզկիթում հավաքված իր կողմնակիցներին՝ Ալ-Ջուլանին հայտարարեց. - «Այս հաղթանակը իսլամական աշխարհի պատմության նոր էջ է բացում։ Սա նաև տարածաշրջանի պատմության շրջադարձային կետն է։ Ասադը Սիրիան հանձնել էր Իրանի քմահաճույքին՝ աղանդավորականություն և կոռուպցիա տարածելով երկրով մեկ»։

Reuters-ի տեղեկություններով՝ Աբու Մոհամեդ Ալ-Ջուլանին անցած գիշեր հանդիպել է Ասադի վարչակազմի երկու առանցքային ներկայացուցիչների՝ արդեն նախկին վարչապետ Մոհամեդ Ջալիլիի և փոխնախագահ Ֆայսալ Միքդադի հետ՝ նրանց հետ քննարկելով իշխանության անցնցում հանձնումը կազմակերպելու հարցը։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դամասկոսը գրաված զինյալները պատրաստվում են ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել Մոհամադ Բաշիրի թեկնածությունը։ 41-ամյա այս գործիչը վերջին տարիներին ղեկավարում էր ընդդիմության վերահսկողության տակ Իդլիբում գործող այսպես կոչված Փրկության կառավարությունը։

«Անակնկալ էր այս իրադարձությունների սրընթաց զարգացումը». Արաղչի

Իսկ Ասադի վարչակազմի երկու գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Իրանը, առայժմ փորձում է հասկանալ սիրիական կառավարության պարտության պատճառները։ Դատելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի խոսքից՝ այս հարցի պատասխանը Թեհրանում դեռ չեն գտել։

«Մեր երկրի հետախուզական ծառայությունները տեղյակ էին, թե ինչ է կատարվում Իդլիբում։ Այդ զարգացումներին վերաբերող ողջ տեղեկատվությունը փոխանցվել էր Սիրիայի կառավարությանն ու բանակին։ Զարմանալի էր, սակայն, որ սիրիական բանակը չկարողացավ դիմակայել այդ հարձակմանը, որի մասին մենք զգուշացրել էինք։ Անակնկալ էր նաև այս իրադարձությունների սրընթաց զարգացումը», - հայտարարում էր իրանական դիվանագիտության ղեկավարը։

Ասադի ևս մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի համար առանցքայինը Սիրիայում ռազմական ներկայության հարցն է։ Ժամեր առաջ թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ Սիրիայում գտնվող իր զորքերի դուրսբերմանն աջակցելու խնդրանքով։ CNN Turk-ի տվյալներով, սակայն, խոսքը միայն այն զինվորականների դուրսբերման մասին է, որոնք ծառայություն էին անցնում Սիրիայի տարբեր հատվածներում տեղակայված ռուսական հենակետերում։

«Սիրիայի տարածքում գտնվող իր առանցքային ռազմակայանները՝ Հմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան Ռուսաստանը մտադիր է պահպանել», - պնդում է թուրքական լրատվամիջոցը։

«Մենք տեսնում ենք, որ Սիրիայում ծայրահեղ անկայունության ժամանակաշրջան է». Պեսկով

Պաշտոնական Մոսկվան շրջանառվող այս տեղեկատվությունը դեռ չի հաստատում՝ նշելով միայն, որ Սիրիայում գտնվող բազաների ճակատագիրը պատրաստ է քննարկել երկրի նոր իշխանությունների հետ։

«Այս ամենի մասին խոսելը դեռ վաղ է։ Ամեն դեպքում այդ ամենը քննարկման առարկա կդառնա այն մարդկանց հետ, որոնք իշխանության կգան։ Այժմ մենք տեսնում ենք, որ Սիրիայում որոշակի տրանսֆորմացիայի, ծայրահեղ անկայունության ժամանակաշրջան է։ Ամեն դեպքում մեզ նախ ժամանակ է հարկավոր, ապա նաև լուրջ խոսակցություն իշխանությամբ օժտված մարդկանց հետ», - նշում էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սիրիայում ակտիվորեն ներգրավված արտաքին խաղացողներից ևս մեկը՝ Իսրայելը, Բաշար Ասադի տապալումից հաշված ժամեր անց անցավ հարձակման։ Նախ իսրայելական զորքերը, օգտվելով Սիրիայի Զինված ուժերի կաթվածահար վիճակից, առանց որևէ դիմադրության վերահսկողություն հաստատեցին Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտու նկատմամբ։ Այս տարածքն, ի դեպ, Սիրիայի մայրաքաղաքից ընդամենը 35 կիլոմետր հեռավորության վրա է։

Սրան էլ զուգահեռ, Իսրայելի օդուժը երեկ ողջ օրվա ընթացքում հարվածներ էր հասցնում սիրիական բանակի Դամասկոսում և դրա արվարձաններում գտնվող զինապահեստներին։ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն այս գործողությունները կանխարգելիչ էր որակում։

«Այն գործիչները, որոնք այս պահին վերահսկում են Դամասկոսը՝ Ջուլանին և մյուսները, ծայրահեղական իսլամի գաղափարախոսության կրողներ են։ Այդ իսկ պատճառով մենք հարվածներ ենք հասցրել ռազմավարական սպառազինության պահեստներին՝ մասնավորաբար այն վայրերին, որտեղ պահվում էին քիմիական զենքի մնացորդներն ու հեռահար հրթիռները։ Դա արվել է, որպեսզի այդ սպառազինությունը չհայտնվի ծայրահեղականների ձեռքում»։

Դե իսկ վերջին զարգացումների ևս մեկ առանցքային շահառուն՝ Թուրքիան, օգտվելով սիրիական պետության փաստացի փլուզումից, այսօր կարողացավ հասնել իր գլխավոր նպատակներից մեկին՝ Սիրիայի հյուսիսում գտնվող և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքի գրավմանը։ Երեք օր տևած մարտերից հետո սիրիացի քրդերի ջոկատներն այսօր ստիպված էին նահանջել՝ քաղաքը հանձնելով Թուրքիայի կողմից ստեղծված և ֆինանսավորվող Սիրիական ազգային բանակի ստորաբաժանումներին։