Մատչելիության հղումներ

Ասադին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ Պեսկով


Բաշար ալ-Ասադ, Վլադիմիր Պուտին
Բաշար ալ-Ասադ, Վլադիմիր Պուտին

Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, նման որոշումներն առանց պետության ղեկավարի չեն կարող կայացվել։ Սա նրա որոշումն է», - ասել է Պեսկովը:

Անցած գիշեր ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել էին, որ Սիրիայում իշխանությունը կորցրած Ասադը ժամանել է Ռուսաստան, որտեղ էլ ապաստան է ստացել։ Պեսկովի խոսքով՝ Պուտինի օրակարգում Ասադի հետ հանդիպում նախատեսված չէ։

Ռուսաստանյան իշխանությունները պաշտոնապես Ասադին անվանում են նախկին նախագահ՝ պնդելով, որ նրա համաձայնությամբ է ընդդիմությանը փոխանցվել իշխանությունը։

Մինչ այս պահը ինքը՝ Ասադը չի մեկնաբանել իր երկարամյա ռեժիմի տապալումը, նաև չի ներկայացել հանրությանը։

Ռուսաստանը Սիրիայի դաշնակիցներից է, որի ռազմական աջակցության շնորհիվ Ասադին հաջողվել է պահպանել իշխանությունը ավելի քան մեկ տասնամյակ տևած արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում։

XS
SM
MD
LG