Ռուսաստանն այս դժվարին պահին մենակ չթողեց Սիրիայի հեռացող նախագահ Բաշար ալ-Ասադին, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Բաշար Ասադն ու նրա ընտանիքը Մոսկվայում են։ Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում ընկերներին», - Տելեգրամում գրել է Ուլյանովը։
Ավելի վաղ ռուսական РИА "Новости" գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրը, հաղորդել էր, որ Ասադը Մոսկվայում է և որ Ռուսաստանը Սիրիայի նախագահին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիրիայի նախագահի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է համարել։ Ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։