Հայաստանին և Ադրբեջանին մեկ ամսից էլ քիչ է մնացել, որ հաստատեն սահմանազատման կանոնակարգը ու ներկայացնեն ներպետական վավերացման, սակայն դեռևս չկա պաշտոնական հայտարարություն՝ որ ուղղությամբ է սահմանազատումը շարունակվելու։
Մինչ այս տեղացի ու միջազգային փորձագետներն ամփոփում են՝ ինչ տվեց սահմանազատումը Տավուշում, ու ընդգծում՝ ինչի վրա պետք է հաջորդ փուլում կենտրոնանալ։
«Սա շատ դժվար հարց է, բայց ձեռքբերումներն ավելի ուշ կլինեն, քանի որ մենք տեսնում են իրական փորձեր խաղաղ կարգավորման հասնելու համար, կարևոր նշաձողեր», - ասում է Էստոնիայի Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի գիտաշխատող Նիլ Լորենցը, որ մասնակցում է այս օրերին Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» թեմայով միջազգային գիտաժողովին։
Նա «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս գործընթացը, ի վերջո, պետք է բերի խաղաղության համաձայնագրին. - «Այս տարածաշրջանում յուրաքանչյուր ճգնաժամ, անհանգստություն Ռուսաստանի շահերից է բխում։ Այդ պատճառով կարծում եմ, որ երկու կողմերի համար պետք է նպատակ լինի հասնել խաղաղության։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է հարևաների միջև խնդիրներ հրահրել»։
Ավելի խոցելի չե՞ն դառնում հայկական կողմի դիրքերը հիմա, երբ ադրբեջանական զորքերն ավելի են մոտեցել, և որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի օկուպացրած տարածքներից առաջիկայում դուրս կգան։ Տարածաշրջանային հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծում է՝ հիմա արդեն այն փուլն է, որ հայկական կողմի քայլերից հետո Ադրբեջանն էլ զիջման գնալու պատրաստակամություն ցույց տա։
«Հայաստանին անհրաժեշտ է հավաստիացում, այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է դատի Ադրբեջանին գործողություններով, այլ ոչ թե խոսքերով», - շեշտեց նա։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ դեմարկացիան պարտադրված էր պատերազմի ահով, ուստի դրական սպասելիքներ դժվար է ունենալ։
«Երբ գործընթացը տեղի է ունենում էսկալացիայի վտանգի ներքո, շատ դժվար է դելիմիտացիա անվանել։ Այնուամենայնիվ, եթե կոնկրետ այս հատվածում արդյունքներն ամփոփում ենք, կարծում եմ՝ որոշակի դրական զարգացումներ էլ տեղի ունեցան, այսինքն՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին երեք տարիներից հետո, մերժելով ինչ-որ կոնկրետ քարտեզ ընդունել որպես գործընթացի հիմք, այնուամենայնիվ համաձայնեց օգտագործել 76 թվականի քարտեզը, կարելի է դրական հանգամանք համարել, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն այդ արձանագրությունների մեջ», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն. մեկ ամսվա գործընթացըԱյս պահի դրությամբ կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում են Երևանն ու Բաքուն ավարտել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։
Մինչև այս պահը հստակ չէ՝ արդյոք կշարունակվի սահմանազատման գործընթացը, և դուրս կգան արդյոք ադրբեջանական զորքերն այն հատվածներից, որ ներխուժել են 44-օրյա պատերազմից հետո։
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ նոր ժամկետներ սահմանելիս հստակ պայմանավորվածություններ պետք է լինեն։
«Երբ մենք հիմա շարժվում ենք դեպի հարավ, պետք է ակնկալենք՝ հուլիսին հասնել հաջորդ նախնական համաձայնությանը։ Զիջումը պետք է փոխադարձ լինի։ Հրամայական է, որ Ադրբեջանը հետ քաշի իր ուժերը Հայաստանի հարավի ավելի քան 200 ք/կմ տարաքծից», - ասաց նա։
«Մինչև այս պահը մենք չենք տեսել մի գործընթաց, որն իրապես հիմնված լինի փոխզիջումների հիման վրա», - հավելեց Տիգրան Գրիգորյանը։
Քաղաքագետ Գրիգորյանը, մինչդեռ, չի կարծում, որ Ադրբեջանն առհասարակ հետաքրքրված է սահմանազատման գործընթացը շարունակելու մեջ։ Կձգձգեն, խոչընդոտներ կստեղծեն, ասում է նա։
«Եվ ընդհանուր առմամբ պարզ չէ, թե ինչպիսի մոտիվացիա պիտի ունենա Ադրբեջանն, օրինակ, իր զորքերը այդ հատվածից հետ քաշել, և այդ պարագայում կարծես թե իշխող ուժի մոտ էլ կա այն մտայնությունը, որ համակերպվել են այդ իրավիճակի հետ, որ այո, միգուցե Ադրբեջանը հետ չի քաշելու ուժերն այդ տարածքներից, բայց այս գործընթացին գնալով՝ մենք կանխում ենք ավելի մեծ կորուստներ կամ ավելի մեծ էսկալացիա», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը մեղադրում է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համարԹեև կողմերը ապրիլից մի քանի համատեղ հայտարարություն են ընդունել՝ Ադրբեջանի մատնանշած հատվածները սահմանազատել, սակայն Բաքուն այս ընթացքում չի դադարել Երևանին նոր պահանջներ ներկայացնել։ Վերջինը վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, առանց որի, ըստ Ադրբեջանի, խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել։