Վարչապետը հանձնարարել է մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել՝ Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։

Մինչ այս որոշումը դեռ 2022-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։ Հիմա Փաշինյանը հանձնարարում է մշակել նոր Սահմանադրություն։ Որոշման մեջ հստակ նշված է «Սահմանադրության փոփոխությունների» փոխարեն գրել «նոր Սահմանադրություն» ձևակերպումը։

Ի՞նչ է սա նշանակում, նախնական տարբերակից հրաժարվո՞ւմ են ու բոլորովին նոր նախագիծ ե՞ն գրելու. սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցն ասում է՝ այսօր է տեղեկացել այդ որոշման մասին, որը մայիսի 24-ին է ընդունվել ու տեղադրվել կառավարության պաշտոնական կայքում։

Որոշումից մոտ մեկ ամիս է անցել, բայց, ըստ Սաքունցի, խորհրդում հարցը դեռ չեն քննարկել։ Իշխանության ներկայացուցիչներն էլ վարչապետի որոշման մասին այս ընթացքում հրապարակային չեն խոսել։

«Ինձ համար հասկանալի չէ, թե հիմա թողնում ենք դա, նորից ենք շարունակում, որովհետև պետք է երևի թե խորհուրդը հավաքվի, և հասկանանք, որովհետև, ըստ էության, ի՞նչ է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ուշ է եղել, բայց ինչ-որ աշխատանքի արդյունք է, և այդ աշխատանքի արդյունքը հիմա դե՞ն ենք գցում, թե՞ դա հիմք ենք ընդունում։ Լիքը հարցեր կան, որ մեզ համար հասկանալի չեն», - «Ազատության»-ն ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թեման տանում էինք, որ ժողովրդի հետ Սահմանադրություն ստեղծեինք». Փաշինյանն իր առաջարկից չի հրաժարվում


Հայաստանի մայր օրենքը փոխելու ուղիղ պահանջ այսօր էլ է հնչել Բաքվից, դա համարում են խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը։ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ Հայաստանի ու Արցախի միավորման մասին հիշատակում կա։

Իշխանության ներկայացուցիչներն Ադրբեջանից հնչող այս պահանջին արձագանքում են, թե այդ հարցը Հայաստանի ներքին գործն է։ Նույնը նաև արտաքին գերատեսչությունն էր վերջերս շեշտել։ Բայց, տարեսկզբին վարչապետ Փաշինյանն էր խոսում Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղումը թողնելու վտանգների մասին։ Հանրային ռադիոյի եթերում «ցլի ու կարմիր զգեստի» համեմատությամբ նկարագրեց վտանգը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»


Սահմանադրական բարեփոխումների խորհրդի իշխանական անդամ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց «Ազատության»-ը պարզաբանել՝ հրաժարվո՞ւմ են մինչ այս պահը մշակած տարբերակից, և արդյոք Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանվելու է։

Արթուր Սաքունցը, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է խորհրդում, նոր Սահմանադրության կողմնակից է դեռ 2015 թվականից, բայց դեմ է, որ Անկախության հռչակագիրը հանվի։

«Հռչակագիրը պետության անկախության հռչակագիրն է, ո՞վ է ասել, որ հռչակագրին հղում չանելը Սահմանադրության…աբսուրդ բան է», - նշեց նա։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում վերջին անգամ բովանդակային քննարկում եղել է փետրվարի վերջին, երբ հանդիպել են վարչապետ Փաշինյանին, ասում է խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Նրա հավաստմամբ՝ Անկախության հռչակագրի մասին այդ ժամանակ էլ հստակ որոշում չի եղել։ Խորհրդում տարբեր են մոտեցումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես են տարիների ընթացքում փոխվել վարչապետ Փաշինյանի շեշտադրումները Անկախության հռչակագրի մասին


«Այս ամեն ինչը պետք է քննարկվի հանրության հետ, Հայաստանի քաղաքացիների հետ, Ադրբեջանի իշխանությունները ոչ հանրություն են, ոչ էլ Հայաստանի քաղաքացի են, այսինքն՝ իրենց հետ այս հարցերը քննարկման ենթակա չեն», - նշեց նա։

Դանիել Իոաննիսյանն էլ վերջնական դիրքորոշում չունի՝ Անկախության հռչակագիրը պետք է մնա, թե ոչ։ Եվ ըստ նրա՝ հանրային քննարկումից հետո միայն խորհուրդը կարող է քվեարկել այդ հարցի համար։