Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Ակնկալվում է, որ մտքեր կփոխանակվեն «Համաս»-ի և Իսրայելի հակամարտության ներկայիս սրման և Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի շուրջ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Մոսկվայից հետո Աբասը կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար:
Իսրայելը դեռ անցած տարեվերջին էր դժգոհություն հայտնել Ռուսաստանի «հակաիսրայելական դիրքորոշման» կապակցությամբ, ինչպես նաև «խստորեն քննադատել Ռուսաստանի և Իրանի միջև վտանգավոր համագործակցությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցելԻրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
ԱՄՆ-ը չի բացառել, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա տեղի ունենա «այս շաբաթ»։ Իսրայելն էլ իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերձավոր Արևելքը նյարդային սպասման մեջ է