Ռուսաստանը հայտարարել է Դոնեցկի մարզում նոր առաջխաղացման՝ Կուրախովոյի հյուսիսում գտնվող Նովոիլինկան գրավելու մասին։ Հենց այս գյուղով է անցնում միակ ավտոմոբիլային ճանապարհը, որը Կուրախովոյի ջրամբարը կապում է ուկրաինական բանակի համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքի հետ։ «Ազատության» թղթակիցները տեղից հաղորդում են, որ թեժ մարտերն արդեն Կուրախովոյի կենտրոն են հասել։
Ռազմական փորձագետ Դավիթ Շարպի կարծիքով՝ ռուսներին հաջողվել է գտնել ուկրաինական պաշտպանական գծի թույլ կետերը և ինտենսիվ գրոհել հենց այդ հատվածներում։
«Ուկրաինական բանակը նահանջում է մի շարք խնդիրների պատճառներով։ Այստեղ և՛ արևմտյան ուշացած օգնության գործոնն է, և՛ սեփական ստորաբաժանումները նոր զինվորներով համալրելու խնդիրը, որը չի կարգավորվել», - ասել է նա։
Ռուսները առաջ են գնում նաև սեփական տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ տասնյակ բնակավայրեր օգոստոսին անցել էին Ուկրաինայի վերահսկողության տակ։ Դրանց մոտ կեսը ռուսական բանակն արդեն ազատագրել է, հաղորդել է Reuters-ը, մնացածի համար ռուսները Կուրսկ են տեղափոխել շուրջ 60 հազարանոց բանակ, այդ թվում՝ ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվորական։
«Ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը պետք է մեծացնի օգնությունը Կիևին»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շատ հեռու ենք Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից»․ Լավրով
Նա նաև վերահաստատել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անել հնարավորը, որ Ուկրաինան կարողանա շարունակել ռազմական գործողությունները նաև հաջորդ տարի կամ բանակցություններ վարի «ուժեղ դիրքերից»։ Այդ նպատակով, ըստ ամերիկյան Politico-ի, պաշտոնավարումն ավարտող նախագահ Բայդենը Կոնգրեսից հավելյալ 24 միլիարդ դոլար է խնդրել՝ Ուկրաինային ամերիկյան սպառազինություն տրամադրելու, եղածը համալրելու համար։ Կոնգրեսի աղբյուրները հաստատել են, որ ստացել են հեռացող նախագահի խնդրանքը։ Politico-ն հայտնում է, որ դրա շուրջ քննարկումները նախատեսված են դեկտեմբերին, միաժամանակ նկատում, որ մի շարք հանրապետականներ արդեն քննադատել են առաջարկը, և քիչ հավանական է, որ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսում Բայդենի խնդրանքն աջակցություն կստանա։
Ռուսաստանը շարունակում է միջուկային զինանոցով սպառնալ
Ռուսաստանը շարունակում է սպառնալ, թե իրավիճակի սրացման դեպքում պատրաստ է նաև միջուկային զինանոցը գործի դնել, ընդ որում՝ ոչ միայն Ուկարինայի ուղղությամբ։
«Ակնկալում ենք, որ նոր բալիստիկ հրթիռի գործարկումից հետո Արևմուտքում կասկածներ չեն մնացել Ռուսաստանի կարողությունների վերաբերյալ», - այսօր հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Անկախ աղբյուրները վկայում են, որ վերջին շաբաթներին ռուսական բանակն առաջխաղացման ռեկորդներ է գրանցում։ Reuters-ը, հղում անելով փորձագետներին, նշում է, թե անցած յոթ օրում միայն ռուսական բանակը 235 քառակուսի կմ է օկուպացրել՝ ավելի քան երբևէ պատերազմի մեկնարկից ի վեր։
Օր օրի թեժացող մարտերի ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը շվեդական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե հակամարտությունը լուծելու համար պետք է վերադառնալ 2022 թվականի փետրվարի սահմաններին։ Ուկրաինայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը այսպիսով ակնարկել է, որ Կիևը այլևս չի պահանջում վերադարձ 1991 թվականի սահմաններին, այսինքն՝ Ղրիմից ռուսական զորքերի դուրսբերման։
60-100 հազար կորուստ Ուկրաինային կողմից պատերազմի սկզբից ի վեր. The Economist
Արդեն գրեթե երեք տարի շարունակվող պատերազմում Ուկրաինան առնվազն 60-100 հազար զինվոր է կորցրել, ևս 400 հազարը ծանր վիրավորվել են, գրում է The Economist-ը։ Պաշտոնական աղբյուրներն այս տվյալները չեն հաստատում, նախագահ Զելենսկին փետրվարին ավելի փոքր թիվ էր ներկայացրել՝ պնդելով, թե ուկրաինական բանակում 30 հազար զինվոր է զոհվել։
Ռուսաստանը, ըստ արևմտյան հետախուզության, կորցրել է մինչև 200 հազար զինվոր։ Պաշտոնական Մոսկվան բանակում իր զոհերի տվյալները հայտնել է միայն պատերազմի առաջին տարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեժ մարտեր՝ Կուրսկի մարզում. Ռուսաստանը սաստկացնում է հարձակումները