ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 24 միլիարդ դոլար է խնդրում՝ Ուկրաինային զենք մատակարարելու և պաշտպանության նախարարության պահեստներում զենքի պաշարները համալրելու համար, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ձեռքի տակ հայտնված Սպիտակ տան ղեկավարի նամակը։
Լրատվամիջոցի՝ Կոնգրեսի աղբյուրները հաստատել են, որ ստացել են հեռացող նախագահի խնդրանքը, սակայն դրա շուրջ բովանդակային քննարկումներ դեռ չեն կայացել։
Այս նախաձեռնության մասին ամերիկյան իշխանությունները նախապես չեն հայտարարել, թեև Բայդենի վարչակազմը բազմիցս շեշտել է, որ փորձում են մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնամուտն է՛լ ավելի ամրապնդել Ուկրաինայի դիրքերը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, նախօրեին վերահաստատել էր՝ Վաշինգտոնը խոստանում է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի պատերազմին դիմակայող երկիրը կարողանա շարունակել ռազմական գործողությունները նաև 2025 թվականին կամ բանակցություններ վարի «ուժեղ դիրքերից»։