Ռուսաստանին և Եմենի հութիներին միավորում է թշնամությունն Արևմուտքի հանդեպ

Եմենի հութի ապստամբներն ավելի քան մեկ տարի թիրախավորում են միջազգային նավերն ու կրակում ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա Կարմիր ծովում: Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ այդ հարձակումները խաթարել են համաշխարհային առևտրի առանցքային ուղին՝ ստիպելով Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային պատասխան հարվածներ հասցնել:

Այժմ, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Ռուսաստանը օգնում է ապստամբներին ընտրել իրենց թիրախները, որոնց մեծ մասը արևմտյան ընկերություններին պատկանող կամ նրանց կողմից շահագործվող առևտրային նավեր են կամ էլ Իսրայել գնացող կամ Իսրայելից եկող նավեր:

Փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն ընդլայնում է իր համագործակցությունը հութի զինյալների հետ, որոնք Միացյալ Նահանգների կողմից դասվում են Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Մասնավորապես, չի բացառվում, որ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու՝ Սպիտակ տան թույլտվությանն ի պատասխան Մոսկվան կարող է հութիներին արդիական սպառազինություն մատակարարել:

«Դա ուղերձ է Միացյալ Նահանգներին, որ Ռուսաստանը, եթե ցանկանա, կարող է խնդիրներ ստեղծել Վաշինգտոնի համար, և դա ոչ այնքան քողարկված սպառնալիք է, որը կարող է մեկնաբանվել որպես վրեժխնդրություն՝ Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար», - ասում է Նյու Յորքում գործող Soufan Group հետախուզական խորհրդատվական ընկերության քաղաքականության և հետազոտություն գծով տնօրեն Քոլին Քլարկը:

Իմ թշնամու թշնամին

Հութիները Կարմիր ծովում արևմտյան և իսրայելական օբյեկտների վրա իրենց հարձակումները որակում են որպես պատասխան՝ Գազայի հատվածում Իսրայելի՝ մեկ տարուց ավելի շարունակվող ավերիչ պատերազմին: Ապստամբները խոստացել են շարունակել հարվածները, քանի դեռ Պաղեստինի անկլավում հրադադար չի հաստատվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի ու բրիտանական ուժերը նոր հարվածներ են հասցրել հութիներին

Փորձագետներն ասում են, որ Ռուսաստանի աջակցությունը հութիներին համահունչ է Արևմուտքին հակադրվելու և ամբողջ աշխարհում հակաարևմտյան զինված խմբավորումները հզորացնելու՝ Կրեմլի խոսույթին:

«Կրեմլը շահագրգռված է ունենալ բարեկամներ, ովքեր կարող են նյարդայնացնել Մոսկվայի թշնամիներին Կարմիր ծովում կամ Մերձավոր Արևելքի ցանկացած վայրում», - Current Time-ին ասել է արևելագետ Ռուսլան Սուլեյմանովը, հավելելով՝ Ռուսաստանը նաև ցանկանում է դիտարկվել որպես ուժ, որն աջակցում է «Արևմուտքին ընդդիմացող» ցանկացած խմբի:

Վերջին ամիսներին ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումները և հետախուզության տվյալները վկայում են, որ Ռուսաստանը հութիներին հետախուզական տվյալներ է տրամադրում, այդ թվում՝ արբանյակային տվյալներ՝ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակվելու համար:

Հուլիսից ի վեր, հաղորդագրությունների համաձայն, Կրեմլը նույնիսկ սպառնացել է հութիներին հականավային հրթիռներ փոխանցել: Այն ժամանակ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համոզել են Ռուսաստանին ետ կանգնել այդ մտադրությունից։ Իրավիճակը, սակայն, կարող է փոխվել հիմա, երբ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի խորքերին հարվածելու համար:

«Ռուսաստանի համար հութիներին զինելու հարցը ուղղակիորեն կապված է այս հարցի հետ, որը նախագահ Վլադիմիր Պուտինն ընկալում է որպես ԱՄՆ-ի կողմից էսկալացիա Ռուսաստանի դեմ», - ասում է ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի գծով նախկին ավագ վերլուծաբան Քենեթ Քացմանը:

Բացի Կարմիր ծովում նավագնացությունը խափանելուց, Ռուսաստանը, ըստ տեղեկությունների, Եմենից մարտիկներ է հավաքագրում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար: Դրանով Մոսկվան նաև երաշխիք է ստանում, որ ռուսական նավերը անվտանգ կարող են անցնել Կարմիր ծովով։

Հութիները վերահսկողություն են հաստատել Եմենի հյուսիսարևմտյան և Կարմիր ծովի ափամերձ հատվածում 2014 թվականից՝ երկրում ավերիչ քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հութիների պատվիրակությունը երեկ Մոսկվայում քննարկել է Գազայի հարցը

Հութիների շահը

Փորձագետներն ասում են, որ հութիները, ընդլայնելով իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, միայն շահելու են:

Soufan Group ընկերության ներկայացուցիչ Քլարկն ասում է, որ Ռուսաստանի կողմից տրամադրված հետախուզական տվյալները օգնում են ապստամբներին ավելի ճշգրիտ թիրախավորել Կարմիր ծովով անցնող արևմտյան նավերը: «Դա նաև ցույց է տալիս, որ հութիները պարզապես «ահաբեկիչների անկառավարելի բանդա» չեն, այլ՝ ավելի մեծ խաղացող Մերձավոր Արևելքում», - ասում է Քլարկը:

Իրանը հութիների հիմնական ռազմական աջակիցն է, ըստ ԱՄՆ հետախուզության՝ Թեհրանը նրանց մատակարարում է զենքի տեխնոլոգիա և հրթիռային բաղադրիչներ:

Փորձագետներն ասում են, որ ապստամբները զգալիորեն կշահեն ռուսական հրթիռային տեխնոլոգիայից, որը, ըստ Կացմանի, «շատ ավելի ճշգրիտ և արդյունավետ է», քան Թեհրանի տրամադրած սպառազինությունը: Բացի այդ, համագործակցությունը Ռուսաստանի հետ կարող է նվազեցնել խմբավորման կախվածությունը Իրանից:

«Ռուսական սպառազինությունը կարող է նույնիսկ հութիներին հնարավորություն տալ հաջողությամբ հարվածել ԱՄՆ-ի և կոալիցիայի ռազմանավերին, ինչը կարող է ահռելիորեն սրել Կարմիր ծովի հակամարտությունը», - ասում է Կացմանը: