Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային 630 գերիներ փոխանակել 630 գերիների դիմաց, չորեքշաբթի օրը հաղորդել են ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ սա կլինի ամենամեծ փոխանակումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր։
«Ուկրաինան թող որոշի՝ որ ռուս զինվորականներին ընդգրկել փոխանակման ծրագրում», - երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ շեշտելով․ - «Մեզ համար հավասարապես կարևոր է տղաներից յուրաքանչյուրի վերադարձը։ Ի տարբերություն Կիևի ռեժիմի՝ մենք մեր ժողովրդին չենք բաժանում ըստ կրոնի, ազգության կամ զորամասերին պատկանելիության»։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։
Կրեմլամետ Readovka-ն, սակայն, գրել է, որ ուկրաինական կողմի հետ փոխանակման վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կա։
Հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում գերության մեջ է 1348 ռուսաստանցի, իսկ Ռուսաստանում՝ 6 հազար 465 ուկրաինացի։
Օգոստոսին Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժման ժամանակ հարյուրավոր ռուսաստանցի հիմնականում ժամկետային զինծառայողներ են գերեվարվել։
Գերիների վերջին փոխանակումը եղել է հոյտեմբերի 18-ին․ Ռուսաստանն ու Ուկրաինան 190 ռազմագեր փոխանակեցին Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ու Ռուսաստանը գերիներ են փոխանակել