Քյարամյանն ափսոսում է ԱԺ-ում միջադեպի համար, պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում, 16-ը հոկտեմբերի, 2024թ.

«Ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի [համար]». - Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ոչ միայն ափսոսում է, այլև պատրաստ է հանրությունից ներողություն խնդրել խորհրդարանում մոտ երկու շաբաթ առաջ իր և իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալի համար։

Պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը դահլիճից իրեն ուղղված ռեպլիկին ի պատասխան, իր բնորոշմամբ՝ «սև շորերով» մի պատգամավորի էր թիրախավորել , ապա սպառնացել, ինչից հետո արդեն վիճաբանել էր պատգամավոր Աղազարյանի հետ:

«Բան ասեցի՞ք դուք, այ, սև շորերով պատգամավորը, ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք», - հայտարարել էր Քյարամյանը:

«Դուք շատ կոպիտի ձևով արձագանքում եք, դուք դրա իրավունքը չունեք», - հակադարձել էր Աղազարյանը:

«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել», - ասել էր Քննչականի նախագահը:

«Ի՞նչ ա նշանակում՝ «չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»: Ձեր թաղը չի ստե, ստե Ազգային ժողով ա», - վրդովվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում

«Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա իմ համար բացարձակ խնդիր չի, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահը:

Քյարամյանը խորհրդարանի ամբիոնից իշխանական պատգամավորին նաև մեղադրել էր հովանավորչության մեջ, պնդելով, որ Աղազարյանի որդու քրեական գործով իրեն երկու անգամ միջնորդել են։ Այս հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դրվագներով:

Այսօր լրագրողների հետ զրույցում Քննչականի ղեկավարն ասաց, թե նորմալ է համարում Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությունը. - «Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին։ Ինձ հարցաքննության չեն կանչել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական գործ՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունից հետո

Քյարամյանը հրաժարվեց ասել , թե ով է, ի վերջո, իշխանական պատգամավորի որդու քրեական գործով իրեն երկու անգամ դիմել, պատճառաբանելով, թե կոռեկտ չէ այդ մասին խոսել, երբ կա քրեական վարույթ, բայցև վստահեցրեց. - «Ես ինչ ասել եմ՝ դրանք փաստերով հիմնավորվող բաներ են»:

Ինչո՞ւ Քննչական կոմիտեի նախագահն ավելի վաղ չի բարձրաձայնել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորին վերագրվող հովանավորչության դեպքի մասին։ Ինչո՞ւ է դա թաքցրել և միայն պատգամավորի հետ վիճաբանության ժամանակ է այդ մասին հայտարարել։

«Որովհետև ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել։ Ես դա չեմ համարել հանցագործություն», - հայտարարեց Քյարամյանը՝ հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ բարձրաձայնեց, արձագանքելով. - «Որովհետև ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլ նաև երևույթները»:

«Չէ, չի ջրվում»

Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեն սեփական նախաձեռնությամբ չէ, որ վարույթ է հարուցել Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունների կապակցությամբ։ Այն նախաձեռնել են փաստաբան Հակոբ Ճարոյանի դիմումի հիման վրա՝ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, արխիվ

Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն , որի նախագահը դահլիճում նստած էր և անձամ լսել էր Արգիշտի Քյարամյանի մեղադրանքը, ինքնուրույն վարույթ չի նախաձեռնել։ Սասուն Խաչատրյանը պնդեց, թե առիթը չեն գտել. - «Որովհետև չենք գտել դրա առիթը, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթը նախաձեռնվել է։ Մենք գտել ենք, քննիչը Հակակոռուպցիոն կոմիտեի գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան»:

Ի՞նչ կպարզի Դատախազության հանձնարարությամբ ընթացող քննությունը, երբ ի սկզբանե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, պարզ չէ։ Ամեն դեպքում, Սասուն Խաչատրյանն այսօր վստահեցրեց. - «Չէ, չի ջրվում»:

Քննչական կոմիտեի նախագահի մեղադրանքներին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պնդում է, որ որդու համար Արգիշտի Քյարամյանին չի միջնորդել, բայց եթե դա ապացուցվի, պատրաստ է անգամ մանդատը վայր դնել։

Ի դեպ, խորհրդարանում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած սկանդալային միջադեպի ժամանակ շատերի աչքից չէր վրիպել Քննչական կոմիտեի նախագահի ափի մեջ սեղմված սև խաչը։
Ի՞նչ խաչ է դա, այսօր հետաքրքրվեցին լրագրողները։

«Սովորական խաչ է», - ասաց Քյարամյանը: «Ըստ լուրերի՝ դա, ինչ-որ, հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է: Կասե՞ք՝ էդ ի՞նչ խաչ է», - լրագրողի այս հարցին էլ նա պատասխանեց. - «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»: