Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ափսոսանք է հայտնում խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե հանրությունից ներողություն կխնդրի՞, պատասխանեց. - «Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունը իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»։
Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդուն առնչվող ու արդեն երկու տարի քննվող գործից խոսեց երկու շաբաթ առաջ, երբ իշխանական պատգամավորը դիտողություն արեց իրեն խորհրդարանական քննարկման ժամանակ։ Վեճ բռնկվեց։
Քյարամյանն այսօր ասաց, որ կարող է փաստերով հիմնավորել իր ավելի վաղ արած հայտարարությունները։ Նա ասել էր, թե Աղազարյանի որդու քրեական գործով երկու անգամ իրեն դիմել են՝ ՔՊ-ական պատգամավորին մեղադրելով հովանավորչության մեջ:
Իսկ ինչո՞ւ քրգործ ինքը չի հարուցել, եթե նման միջամտություն է եղել, ՔԿ նախագահը նշեց, որ ոչ բոլոր միջամտություններն են, որ կարող են հանցավոր համարվել։
Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթին, ասաց՝ դրան նորմալ է վերաբերվում, իրեն, սակայն, հարցաքննության չեն կանչել։
«Եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին», - նշեց նա։
- Գլխավոր դատախազությունից երեկ հաղորդեցին, որ Քյարամյանի՝ խորհրդարանում այս հայտարարությանը հետևել է քրեական գործ երկու դրվագով՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածով։ Կոնկրետ ինչ դրվագներ են՝ գործը քննող Հակակոռուպցիոնը չի մանրամասնում։
- Քյարամյանին հերքող իշխանական պատգամավոր Աղազարյանը հայտարարել է՝ պատրաստ է հարցաքննվել, սպասում է այս գործի բացահայտմանը, անգամ պատրաստ է մանդատից զրկվել, եթե ապացուցվի, որ ինքն, իսկապես, միջնորդել է որդու համար։
Մանրամասները տե՛ս այստեղ