Մատչելիության հղումներ

«Ոտքից գլուխ արան ես». «տղայական» լեզվակռիվ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև ԱԺ-ում


Իրավիճակը խորհրդարանում լարվեց։

Էլ ամբիոնից մատ տնկել, էլ զայրացած միկրաֆոնին խփել, էլ «արա»-ով իրար հետ խոսել, էլ բղավել. արդյունքում Ազգային ժողովի դահլիճում ներկաները բաժանում էին իրար վրա բորբոքված գոռգոռացող Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովն էր լսումներ կազմակերպել։

34-ամյա Քյարամյանը 64-ամյա Աղազարյանին պատասխանում էր՝ «ոտքից գլուխ ես արան»։

Ամեն ինչ սկսվեց Քյարամյանի հայտարարություններից, որտեղ նա պատասխանում էր Աղազարյանի հարցին. - «Բան ասեցի՞ք։ Այդ սև շորերով պատգամավորը»։

Հովիկ Աղազարյանը պատասխանեց ամբիոնից՝ Քյարամյանին մեղադրելով նաև իր վրա ճնշում գործադրելու մեջ. - «Դուք այստեղ ելույթ եք ունենում, և ինչ-որ մեկն էլ, ես չգիտեմ ով, ռեպլիկ է բաց թողնում, Դուք շատ կոպիտ ձևով արձագանքում եք, Դուք դրա իրավունքը չունեք… կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար։ Պարոն Վարդանյան, Դուք էլ լսեք, երբ ասում եք՝ կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց, հո անտեղի չենք ասում, ուրեմն ինչ-որ բան գիտենք, լսել ենք։ Ափսոս պարոն Քյարամյանը գնաց, նույնիսկ ինքը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել»։

Բայց, կրքերը չհանդարտվեցին, հետո նրանք հայտնեցին կողք կողքի, ու այստեղ էլ վեճն ավելի բորբոքվեց, Քյարամյանն էլ իր հարցերն ուներ Աղազարյանին։

«Ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ, միգուցե կռիվ անեմ։ Ինչո՞ւմն է դժգոհությունը, դա մեկ։ Երկրորդը՝ ռեպլիկի հետ կապված՝ էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», - ասաց նա։

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը միջամտեց. - «Դուք Ազգային ժողովում եք, և այդ տղայական խոսակցություններն այստեղ չեն անցնում»։

Քյարամյանը, սակայն, շարունակեց. - «Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»։

«Դուք ինչո՞ւ չեք իմ տղայի հետ կապված քրեական գործը հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանին։ Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը որևէ կոմպրոմիսի չգնա, և թող գործը գնա դատարան։ Հետևաբար, պարոն Քյարամյան, Դուք լրիվ ապացուցում եք, որ Դուք որպես ճնշման միջոց եք օգտագործում», - եղավ Հովիկ Աղազարյանի արձագանքը։

Այնուհետև կրքերն է՛լ ավելի թեժացան, մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Քյարամյանին հեռացրեց Հովիկ Աղազարյանից։

Իշխանական ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն «Ազատությանը» փոխանցեց, թե չգիտի՝ ում հետ էր անհարգալից խոսում Քյարամյանը, կարծում է՝ ոչ Լևոն Քոչարյանի։ Չնայած ինքը՝ Քյարամյանը հենց Աղազարյանից էր հարցնում՝ ինչպե՞ս կհրամայի խոսել պատգամավոր Քոչարյանի հետ, ԱԺ-ում Քոչարյան ազգանունով 2 պատգամավոր կա՝ «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանն ու ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանը, որին Քյարամյանը այդ պահին չէր կարող դիմել, քանի որ նա իր թիկունքում էր նստած՝ նախագահությունում, իսկ Քննչական կոմիտեի նախագահը դահլիճում նստած մարդու էր դիմում։

Հովիկ Աղազարյանը փաստեր է պահանջում, մասնավորապես անուններ, թե ով է Քյարամյանին դիմել իր որդու քրեական գործի հարցով։

Իսկ ընդհանրապես, կարծում է, Քյարամյանը չպետք է շարունակի զբաղեցնել Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը. - «Չի կարելի է Ազգային ժողովում այդպիսի պահվածք ցուցաբերել»։

Արգիշտի Քյարամյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ Քննչական կոմիտեի խոսնակը զանգերին չի պատասխանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG