Քրեական գործ հայկական առաջին արբանյակի հարցով. պարզ չէ՝ արդյոք հարցաքննվել է ՀՀ նախագահը

Armsat-1 արբանյակը, մայիս, 2022թ.

Շաբաթների քար լռությունից հետո Գլխավոր դատախազությունն այսօր ի վերջո հաստատեց՝ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ կա։

Իրավապահները կասկածներ ունեն, որ Armsat-1 ծրագրում միլիոնավոր դոլարների առերևույթ չարահաշումներ են եղել։ Բայց չեն մանրամասնում՝ արդյոք հարցաքննել են նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն արբանյակի ստեղծման ժամանակ ղեկավարում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Արբանյակը տիեզերք բարձրացավ նրա՝ այդ պաշտոնը թողնելուց երկու ամիս անց։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նաև նախագահի անունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցովՀայկական առաջին արբանյակի շուրջ քրեական գործի ու յուրացումների լուրեր են պտտվում

«Արդեն իսկ սխալ կա այս պատասխանում, արդեն իսկ ես տեսնում եմ խախտում տեղեկատվության ազատության օրենսդրության։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ շրջանառվում են բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց անուններ, և հետևաբար՝ այստեղ հրապարակայնությունը և հաշվետվողականությունը պետք է շատ ավելի բարձր մակարդակի վրա լինի և ապահովի հանրության տեղեկություն ստանալու իրավունքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը:

Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Թե կոնկրետ ի՞նչ հոդվածով է հարուցված վարույթը, կա՞ն մեղադրյալներ, քանի՞սն են, ովքե՞ր են հարցաքննվել, Դատախազությունը չի մանրամասնում։ Փոխարենը հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում նաև, թե ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը թերի է համարում Դատախազության պատասխանը։ «Որովհետև լիարժեք չի տրամադրում հիմքեր, թե ո՞ր կոնկրետ գաղտնիքի հիմքով է մերժված տեղեկություն ստանալու հարցումը: Ո՞ր հոդվածի հիման վրա է նախաձեռնվել, և քանի՞ մեղադրյալ է ներգրավվել՝ այստեղ որևէ մերժման հիմք ես չեմ տեսնում», - նշեց Դոյդոյանը:

Արդյո՞ք հենց նախագահ Խաչատուրյանի գործոնով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում։ Նախագահականից ինչպես անցած շաբաթ, այնպես էլ այսօր հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։

Իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մինչև վերջերս պնդում էին, թե քրեական գործից տեղյակ չեն։ Այսօր էլ հրաժարվեցին մեկնաբանել։

«Որ մարմինն է հարուցել, և կոնկրետ արդյոք դա վերաբերում է արբանյակի պարամետրերին, թե միլիարդավոր դոլարների մսխումներին, ինչպես նշված էր հոդվածում կամ հոդվածներից մեկում, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Թեմայի մասին խոսել չցանկացող նախարարը երկու շաբաթ առաջ ասել էր, թե արբանյակի տվյալները պետական գաղտնիք են, անհրաժեշտության դեպքում գուցե որոշ լուսանկարներ հրապարակեն, արդեն անցած շաբաթ X-ի իր էջում հրապարակել էր արբանյակից արված չորս ոչ բարձր որակի լուսանկար։ Փոխնախարար Գևորգ Մանթաշյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր. - «Գնահատական ես չէի տա վատնումների վերաբերյալ, բայց կարող եմ ասել հետևյալը, որ կա պայմանագիր, կա պայմանագրի դրույթներ և այդ դրույթներից բխող պարտավորություններ: Էս պահին մենք երկրային կայանը ունենք, էս պահին մենք կառավարման կենտրոնը ունենք, արբանյակը ուղեծրում է, և վերապատրաստում անցել են մեր մասնագետները, և հիմա էլ արդեն կառավարումն է մեր ձեռքերում: Բայց շեղումներ եթե եղել են, ու դա վատնում է եղել, թե չէ, կարծում եմ՝ ոչ»:

Armsat -1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր արձակվեց 2022-ի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուրդանետա-Արմսատ 1» արբանյակի փոխանցումը Հայաստանին դեռ ընթացքի մեջ է․ ԴորդեյնՀայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը 

«Օրինակ՝ մարդկանց մի խումբ կա, որ հետաքրքրված է Սևանա լճի և մայրցամաքային այլ ջրերի որակով, մեկ այլ խումբ հետաքրքրված է ճանապարհների մոնիթորինգով, և այլն: Պետք է այդ տվյալները ի շահ երկրի օգտագործվեն: Այլապես ասել, թե՝ դե, գնում են այդ տվյալները, սերվերում պահվում այնտեղ, դրանով բան չի փոխվում», - հայտարարել էր «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանը:

Ու մինչ Երևանը պնդում է, որ պայմանագրի դրույթները կատարել է, իսպանական «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրենը «Ազատության» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, թե արբանյակի հավաքած հսկայական ծավալի տվյալները նպատակային չեն օգտագործվում։

«Վերջին անգամ, երբ մենք վերանայեցինք տվյալները, դրանց թիվն արդեն 5 միլիոն էր: Բայց այս տվյալները նման են նարինջների. դուք չեք կարող նարինջներ պահեստավորել՝ ակնկալելով, որ դրանք կօգտագործեք հաջորդ տարի կամ երկու տարի հետո: Դա մի արտադրանք է, որ թարմ տեսքով է օգտագործվում: Ժամանակն է շոշափել տարբեր ոլորտներ, որոնց այդ տվյալները պետք են, այլ ոչ թե ասել՝ «այո, տվյալ ունենք», ու շարունակել ոչինչ չանել», - ընդգծել էր Խուան Թոմաս Հերնանը:

Փոխնախարարը հակադարձում է. - «Մենք պատկերները ստացել ենք, պատկերները վերլուծումը արդեն դա մեր նախարարության ու «Գեոկոսմոս»-ի ներքին գործընթացների մասին է հուշում, ու իսպանական գործընկերները պարզապես մեր գործընթացներին ներքին հասանելիություն չունեն ու չեն էլ կարող ունենալ: Հետևաբար՝ էդ ձևակերպման վերաբերյալ ես մի քիչ վերապահում կունենայի»:

Հայկական կողմը չի հստակեցնում, թե առաջին արբանյակի համար որքան գումար է ծախսել։ Հայտնի է միայն, որ երկուսուկես տարի առաջ կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար էր հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։ Հստակ չէ, թե արդյոք այդ գումարը արբանյակի և դրա տիեզերք արձակման ամբողջ ծախսն է եղել։

Armsat -1-ը 4 տարով է արձակվել տիեզերք։ Իսպանացի մասնագետի խոսքով՝ առաջին հայկական արբանյակն այժմ իր գոյության վերջին փուլում է։