Պետական դավաճանության մեղադրանքով պայմանագրային զինծառայող է կալանավորվել

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն հաղորդում է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին, դեպքով 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել։

Կոմիտեն, մանրամասնում է՝ կոչումով կրտսեր սերժանտը odnoklassniki.ru սոցիալական ցանցի իր օգտահաշվով 2023-ին հունվարին կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։

Ըստ Կոմիտեի՝ ծավալված սիրային զրույցների արդյունքում, տվյալ անձը մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել նրան։ 43-ամյա տղամարդն էլ 2023-ի հունվարից մինչև 2024-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ստորաբաժանմանը վերաբերող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել այդ անձին։

Քննչական կոմիտեն նշում է, որ այդ գործողություններով վնաս են պատճառվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

Տղամարդը հուլիսի 2-ին ձերբակալվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել, կալանքի միջնորդությունն էլ բավարարվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ են Հայաստանի Զինված ուժերում հաճախակի դարձել պետական դավաճանության դեպքերը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ենթադրյալ «պետական դավաճանության» դեպքերը մի շարք հարցեր են առաջացնում. ԱԱԾ-ն ու Դատախազությունը, սակայն, չեն մանրամասնում