Հյուսիսկորեական զորքերն առաջին անգամ կռվել են Կուրսկում՝ ռուսական զորքերի կողքին, և առաջին զոհերն ու վիրավորներն ունեն, հաղորդել է Պենտագոնը։
«Մենք իսկապես տվյալներ ունենք, որ հյուսիսկորեացի զինվորները մարտական գործողությունների են մասնակցել Կուրսկում և նրանք զոհեր ու վիրավորներ ունեն»,- ըստ Reuters-ի, նախօրեին լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը՝ նշելով, որ զոհերի թվի մասին ստույգ տեղեկություններ չունի։
Նրա խոսքով՝ հյուսիսկորեական զորքերն առաջին անգամ մարտական գործողությունների մասնակցել են անցած շաբաթ:
Երկուշաբթի օրը Ուկրաինան հաղորդեց, որ իր զորքերը սպանել կամ վիրավորել են առնվազն 30 հյուսիսկորեացի զինվորի, որոնք Ռուսաստանի կողմից կռվում էին Կուրսկի մարզում։
Հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանում մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորական կա։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։ Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջան էին ներխուժել օգոստոսին։ Արդեն հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է հազարավոր հյուսիսկորեացի զինվորների տեղակայել տարածաշրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան պնդում է, որ իր զորքերը սպանել կամ վիրավորել են առնվազն 30 հյուսիսկորեացի զինվորի