Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարել է, թե իբր ուկրաինական բանակը փորձել է գրոհել Կուրսկի ատոմակայանը մարզի Կուրչատով քաղաքում։
Ընդ որում, Կուրսկի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի հարցին, ասել է, որ իրավիճակը Կուրսկի ատոմակայանում «կայուն է», կայանում «ամեն ինչ աշխատում է սովորականի պես»։
Անկախ հաստատում, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կուրսկի ատոմակայանի վրա, չկա։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ երեկոյան հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մեկ ուկրաինական հրթիռ, իսկ գիշերը՝ երկու հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միայն հայտնել էր, որ ՀՕՊ-ը Կուրսկի մարզում այս գիշեր մեկ անօդաչու թռչող սարք է խոցել։
Կուրսկի ԱԷԿ-ի և «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել ատոմակայանի վրա հարձակման փորձի մասին հաղորդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի ատոմակայանԿուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեկնարկից անմիջապես հետո Ռուսաստանը օգոստոսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել էր, որ տեղի ատոմակայանի տարածքում խոցված հրթիռների բեկորներ են հայտնաբերվել։ Պաշտոնական Կիևն էլ հայտարարել էր, թե Կուրսկի ատոմակայանին հարվածելու որևէ մտադրություն չունեն։ Այսօր Կուրսկի մարզում մարտերն ընթանում են ատոմակայանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։
Թեժ էր այս գիշեր Ռուսաստանի մեկ այլ՝ Վոլգոգրադի մարզում: Ռուսական տելեգրամյան ալիքները, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում են գիշերը մարզի Մարինովկա ռազմական օդանավակայանում պայթյունների մասին։ Տեղի բնակիչները հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին:
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովն այս տեղեկությունների ֆոնին կրկին Տելեգրամում գրել է, որ ՀՕՊ-ը մարզում անօդաչուներ է խոցել, բեկորներն ընկել են Պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի տարածքում, հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Հաղորդվում է, որ զինվորական ավանի բնակիչները տարհանվել են։
Դատելով NASA-ի լուսանկարներից՝ գիշերը Մարինովկա օդանավակայանի տարածքում մի քանի հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, արդեն չորրորդ օրն է ռուսները չեն կարողանում մարել կիրակի օրը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթի պահեստում բռնկված հրդեհը։ Այստեղ նույնպես քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։
Մինչ այդ, Ռուսաստանի տարածք ներխուժումից հետո առաջին անգամ այսօր ռուս-ուկրաինական սահման՝ Կուրսկի մարզին սահմանակից Սումիի մարզ է այցելել Ուկրաինայի նախագահը:
Կիևը հայտարարում է, որ Կուրսկի մարզում ուկրաինական վերահսկողության տակ անցած շրջանների բնակիչներին տրամադրվում է անհրաժեշտ հումանիտար օգնություն։ Առաջին օրերին գրավված Սուջայում «Ազատության» լրագրողները զրուցել են քաղաքում մնացած բնակիչների հետ.
«Տարեցներին, կանանց, հիվանդներին, երեխաներին թողել ու գնացել են։ Լավ է ուկրաինացիներն են եկել ու մեզ ջուր բերել, մի շաբաթ նստած էինք առանց ջրի ու լույսի», - ասել է «Ազատության» զրուցակիցներից մեկը:
«Դե գիտե՞ք, մենք ոչ մոսկալներ ենք, ոչ էլ ուկրաինացիներ։ Ուկրաինան մեր կողքին էր, մենք գնում էինք առևտուր անելու ։ Մենք նորմալ շփվում էինք, իսկ հիմա՞», - ընդգծել է մյուսը:
Ռուս-ուկրաինական սահմանին մարտերի մասին այսօր հայտնել է Ուկրաինային սահմանակից մեկ այլ՝ Բրյանսկի մարզի նահանգապետը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի՝ մարզի տարածք ներթափանցման փորձը. Նահանգապետը պնդում է, որ այս պահին իրավիճակը բախման վայրում կայունացել է և գտնվում է տարածաշրջանային օպերատիվ շտաբի հսկողության տակ։
Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել այս հաղորդումը։
Միաժամանակ, ուկրաինական ստորաաբաժանումները փորձում են առաջ գնալ նաև Կուրսկի մարզում։ Անցած շաբաթավերջից ուկրաինական բանակը գրոհել է մարզի Սեյմ գետի վրայով անցնող բոլոր երեք մշտական կամուրջներն ու ռուսների կառուցած պոնտոնները՝ լողացող կամուրջները։ Ռուս ռազմական բլոգերները գրում են, որ ռուսական զորքերը կտրվել են ցամաքային մատակարարումներից և համալրումից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս բլոգերները հայտնում են ուկրաինական բանակի կողմից Սեյմի վերջին կամրջի կործանման մասինForbes-ը, մասնավորապես, նշում է, թե պայթեցնելով կամուրջները և ռուսական ստորաբաժանումներին կտրելով ցամաքային կապից՝ ուկրաինացիները նոր հարձակման են պատրաստվում Կուրսկի մարզում։
Սեփական տարածքում մարտերը, սակայն, չեն խանգարում ռուսներին նախկինի համեմատ ավելի արագ առաջ գնալ արևելյան ճակատում՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ամեն օր գրավելով նոր բնակավայրեր հատկապես Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ այսօր ամենաթեժ մարտերն են։